Բախումներ նահանգի քուրդ բնակչության եւ ոստիկանության միջեւ
Վերջին շրջանում աննախադեպ ակտիվացել է PKK-ի գործունեությունը Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում: Չնայած 100-հազարանոց բանակի ներկայությանը, PKK-ն այս շրջանները հարձակումներ է գործում պահպանական զորամասերի, զորանոցների, կայազորների, ոստիկանատների եւ գավառապետարանների վրա: Ընդ որում, գավառը գրավելու, իսկ գավառապետինՙ առեւանգելու նկատառումով, ինչպես օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի էր ունեցել Շըրնաք նահանգում:
Սա օգոստոսին Շըրնաքի վրա PKK-ականների երկրորդ հարձակումն էր: Առաջինի պարագայում նրանք գրավել եւ իրենց դրոշն էին բարձրացրել գավառապետարանի տանիքին: Այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում թուրքական զինված եւ անվտանգության ուժերը նախաձեռնությունը զիջելով PKK-ին, անցել են պաշտպանության: Քանի որ անընդմեջ զոհեր են տալիս, կնշանակիՙ չեն էլ կարողանում պաշտպանվել:
Համենայն դեպս, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Ումիթ Օրանը, նկատի ունենալով օգոստոսի 20-24-ը, թուրքական հանրային հեռուստատեսության էկրանից հայտարարեց. «Չորս օրում 30 նահատակ ենք տվել»: Մինչդեռ պաշտոնական տվյալներով «նահատակված» զինծառայողների թիվը 6 էր:
Կրճատելով սպանված զինծառայողների թիվը, թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբն ու պաշտպանության նախարարությունը ակամա խոստովանում են կռիվներում PKK-ի առջեւ բանակի ընկրկումն, իսկ նահատակների հուղարկավորության ժամանակ թուրքական հեռուստատեսության էկրանից ցուցադրվող լացուկոծը, անեծքը, երկրի ղեկավարների թուրք ազգին հասցեագրած ցավակցություններն ու հավաստիացումները, թե նահատակվածների արյունը գետնին չի մնա, ճնշող տպավորություն էին գործում թուրքերի վրա եւ հուսահատության մատնում: Այդ ընթացքում խորհրդարանական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդները հայտարարում են. «Թուրքիայում ծավալվող քրդական շարժման վերջնական նպատակը քաղաքական անկախությունն է»:
Ընկրկելու պարագայում խոսքը սոսկ թուրքական զինված ուժերին չի վերաբերում, այլ նաեւ ոստիկանությանը: Դրա վառ օրինակը Շըրնաք նահանգի Իրաքին սահմանակից Ջիզրե գավառում «Դունյա Բյուլթենի» վկայությամբ, գյուղաքաղաքը պատերազմի թատերաբեմ դարձրած հանրահավաքն է: Ըստ կայք-էջի, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության «անկախության երթը ողջունելու» հանրահավաքը ո՛չ Շըրնաքի նահանգապետարանը, ո՛չ էլ Ջիզրեի գավառապետարանը չեն արտոնել: Հակառակ դրան, հինգ հազար մարդ հավաքվել է ցույցի, իրականացնելով նախապես անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ, ոստիկանությունը զրահամեքենաների աջակցությամբ փորձել է ցրել հանրահավաքի մասնակիցներին: Երբ վերջիններս մնացել են անդրդվելի, ոստիկանության ուժերը զրահամեքենաներով հարձակվել են ամբոխի վրա եւ օգտագործել արտասվաբեր գազ: Ամբոխը քարերով դիմադրել է, ապա հայտնվել են դիմակավորներ, որոնք մոլոտովյան կոկտելներով կասեցրել են զրահամեքենաների առաջխաղացումը եւ ձայնային ռումբեր նետել ոստիկանության վրա: Այս համառ դիմադրությունից հետո ոստիկանության ուժերը նահանջել են, եւ բեմահարթակ է բարձրացել «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Բիթլիսի պատգամավոր Զենդերիօղլուն, քրդերեն եւ թուրքերեն ելույթով դիմել է հանրահավաքի մասնակիցներին:
Ելույթի պահին ոստիկանության ուժերը նոր հարձակում են նախաձեռնել եւ բախվել են արժանի դիմադրության, որը տեւել է ավելի քան 3 ժամ: Այսպիսով, Ջիզրեի փողոցները վերածվել են ռազմի դաշտի: Թուրքական պետությունը հետզհետե հայտնվում է անելանելի վիճակում: Քրդական հարցը լուծելու փոխարեն քրդերի շարժումը զենքի ուժով ճնշելու նրա ձեռնարկումները լուրջ հակահարված են ստանում:
Հակոբ ՉԱՔՐՅԱՆ
«Ազգ» օրաթերթ