2011 թվականի հուլիսին Իջեւան քաղաքում սկսվել է Տավուշի մարզային գրադարանի շենքի նորոգումը: Ինչպես տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի ինտենետային կայքից, այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է 54 միլիոն դրամ: Ծրագիրն ավարտվել է, սակայն այժմ մարզային գրադարանի միայն առաջին հարկն է գործարկվում: Եղանք մարզային գրադարանի շենքում, այնտեղ սվաղ է արվել, որոշ հատվածներում` ամրացման աշխատանքներ: Երկրորդ հարկն ամրացման նպատակով ցանցապատվել է, սակայն գործն այդպես էլ կանգ է առել:
Այս տարվա հուլիսի 15-ին Իջեւան կատարած այցի ժամանակ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ծանոթացել է գրադարանի շենքի վիճակին եւ ասել, որ շենքի նորոգումն ավարտելու համար ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամից լրացուցիչ 30 միլիոն դրամ պետք է հատկացվի: Իջեւանի բնակիչները մեզ հետ զրույցում տարակուսանք էին հայտնում, որ գրադարանի նորոգման համար ծախսված 54 միլիոն դրամը նպատակային է ծախսվել: Մարզային գրադարանի տնօրեն Սաշա Հովսեփյանից տեղեկացանք, որ նախկինում երկրորդ հարկում տեղավորված 30 հազար կտոր գիրքն այժմ ժամանակավոր ապաստանել է Իջեւանի թիվ 5 դպրոցում:
Մինչդեռ մարզային գրադարանը մեծ դեր ունի 20 հազար բնակիչ ունեցող Իջեւանի կյանքում, այն մարզկենտրոնի միակ հանրային գրադարանն է: Մարզային գրադարանը գործում է մշակույթի նախարարության ենթակայության ներքո, գրադարանի շենքն Իջեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում է: Իջեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արամ Մելիքսեթյանն ասաց, որ իրենց չգիտեն,թե ինչ կազմակերպություն է գրադարանի շենքը նորոգել այն Երեւանի կամ Աբովյանի ինչ-որ կազմակերպություն է, շինարարները նորոգման նախագիծը իրենց չեն ներկայացրել, տվել են ինչ-որ պատճենահանված թուղթ, որը փաստաթղթի նման չէր; Արամ Մելիքսեթյանն ասաց, որ Իջեւանի քաղաքապետարանը 2012 թվականի համար այդ կազմակերպությանը շինթույլտվություն չի տրամադրել, սակայն նորոգման աշխատանքներն այս տարի կատարվել են:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ