Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Եթե պետք է գնալ բարեփոխումների, ուրեմն կգնանք, եւ ես պատրաստ եմ կրել այդ քայլերի քաղաքական եւ մասնագիտական պատասխանատվությունը»

Օգոստոս 27,2012 21:02

Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Վանաձորում  տեղի ունեցած հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ, ամփոփելով  ոլորտի ձեռքբերումներն ու նրանում առկա  խնդիրները, նշեց, որ  արդեն այս տարվանից շախմատը կդասավանդվի նաեւ երրորդ դասարանում, իսկ 2013 թվականի հունվարից Հայաստանի բոլոր դպրոցներում լուծված կլինի ինտերնետային կապի խնդիրը.«2013 թվականի հունվարից մենք չենք ունենալու Հայաստանում  եւ ոչ մի դպրոց , որը չունի ինտերնետ կապ: Մենք շարունակում ենք դպրոցների ամբողջական հագեցվածության հարցը լուծել ինտերնետով, համակարգիչներով, այլ նյութատեխնիկական սարքավորումներով: Մենք շարունակելու ենք դպրոցի կառավարչական բարեփոխումները»:

Կարեւորելով էլեկտրոնային հայալեզու բովանդակությամբ գրականություն ունենալու անհրաժեշտությունը`  նախարարը փաստեց, որ համացանցում արդեն կրկնապատկվել է հայալեզու  դասագրքերի, գրքերի, ձեռնարկների ծավալը: «Դա կարեւորագույն ուղղություններից մեկն է  նոր ժամանակահատվածում, նոր պայմաննրում կրթության համար նոր հնարավորություններ ստեղծելու առումով: Մինչեւ տարեվերջ կունենանք եւս մի քանի 100 անուն դասագիրք, գիրք, ձեռնարկ, որոնք համացանցով հասանելի կլինեն  յուրաքանչյուրին»,-ասաց նա:

Անդրադառնալով ոլորտում առկա  խնդիրներին` նախարարը նշեց, որ այսօր դպրոցներում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը շեղվել է. «Հայաստանի ողջ տարածքում  ունենք մոտ 8500 ավելի մասնագետ: Աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը վերջին տարիներին շեղվել է իր օպտիմալ եւ նախկին ցուցանիշից. ավելի շատ ուսուցիչներ են բաժին ընկնում մեկ  աշակերտի»:

Խոսելով  միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ծառացած խնդիրներից` Աշոտյանը նշեց, որ այսուհետ ուսումնարանների, քոլեջների շրջանավարտները քննություններ կհանձնեն ԳԹԿ-ով` միասնական պայմաններ  ստեղծելով դպրոցների եւ ուսումնարանների միջեւ: Սպասվող  փոփոխություններով նաեւ փոխվելու է քոլեջներից բուհ տեղափոխման ընթացակարգը: «Քոլեջ, ուսումնարան դիմում են մասնագիտական կրթություն ստանալու, քոլեջում  կամ ուսումնարանում սովորելու իմաստը ոչ թե երեխային բուհին նախապատրաստելն է, այլ տվյալ մասնագիտական որակավորմամբ աշխատաշուկա կադրեր թողարկելը: Պատրաստվում է օրենսդրական փաթեթ, որով հանվելու է քոլեջից բուհ տեղափոխման համապատասխան դրույթը»,-ասաց Աշոտյանը:

Նախարարը նշեց, որ թեեւ  ոլորտի բարեփոխումների մի մասը այդքան էլ լավ չեն ընդունվում, այնուամենայնիվ, այդ բարեփոխումները այլընտրանք  չունեն: «Եթե մենք ուզում ենք ունենալ արդիական, ժամանակակից, աշխարհի կողմից ճանաչված, համադրելի եւ իրականում լիարժեք գիտելիքներով եւ արժեքներով քաղաքացիներ, ապա պետք է գնանք երբեմն նաեւ ցավոտ ճանապարհներով: Եթե պետք է գնալ բարեփոխումների, ուրեմն պետք է գնալ, եւ ես պատրաստ եմ ինձ վրա կրել այդ քայլերի քաղաքական եւ մասնագիտական պատասխանատվությունը»,-եզրափակեց ԿԳ նախարարը:

 

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031