«Անցած ուստարում առկա ձեռքբերումների հետ զուգընթաց ունեցել ենք նաև թերություններ եւ բացթողումներ: Վարչությանը ամբողջությամբ չի հաջողվել անհրաժեշտ վերահսկողություն սահմանել տնօրենի, ուսուցչի աշխատանքի նկատմամբ, որի պատճառով մի շարք տնօրեններ հավուր պատշաճի չեն կատարել իրենց պաշտոնական պարտականությունները», -Սյունիքի մարզի կրթական համակարգի 2011-2012թթ. ուսումնական տարվա արդյունքների եւ 2012-2013 ուստարվա խնդիրների մասին խոսելիս Կապանում կայացած մանկավարժների օգոստոսյան կոնֆերանսի ժամանակ ասել է Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Մարգարյանը:
Կոնֆերանսի ժամանակ հարց բարձրացվեց նաեւ գյուղական դպրոցների նկատմամբ պետական կրթական առանձին քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտության մասին, քանի որ մարզի սահամանամերձ, լեռնային քիչ բնակչություն ունեցող գյուղական որոշ դպրոցների պահպանման խնդիրն ունեն եւ, որքան էլ ցավալի է, կկանգնեն փակման վտանգի առջեւ: Միեւնույն ժամանակ մարզում նոր դպրոցական շենքեր են կառուցվում Տեղ, Բնունիս գյուղերում եւ Կապան քաղաքում, մի շարք դպրոցներում էլ շինարարական-վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
Խոսելով անցած ուստարվա ձեռքբերումների մասին` դրական գնահատվեց, որ անցած տարի 9 մեդալակիր շրջանավարտների թվով Սյունիքն առաջինն էր:
Նոր ուսումնական տարում մարզում, ամենայն հավանականությամբ, 1020 դասարան կկոմպլեկտավորվի, որտեղ կսովորեն 14 հազար 537 աշակերտ: Մարզի դպրոցներում, ընդհանուր առամբ, աշխատում է 2 680 ուսուցիչ, նրանցից 2 180-ն ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն, 500-ը` միջին մասնագիտական, իսկ ոչ մասնագիտական կրթությամբ մանկավարժներ կրթության ոլորտում չեն աշխատում: Ի դեպ, մարզի մանկավարժական կադրերի գերակշիռ մասը` մոտ 80%-ը, կանայք ու աղջիկներ են: Խոսվեց նաեւ Երեւանում անցկացվող էքստեռն քննությունների հետ կապված դժվարությունների մասին, քանի որ մարզաբնակ ուսուցիչները դրանց մասնակցելու համար ճանապարհածախսի, գիշերելու տեղի եւ այլ խնդիրների առաջ են կանգնում: Մարզի կրթության ոլորտի պատասխանատուն առաջարկեց դասագրքերի, տետրերի առք ու վաճառքը հանվի դպրոցի գործառույթից, ծնողներն իրենք ձեռք բերեն գրախանութից:
Կարդացեք նաև
«Մարզի այլ տարածաշրջաններում չգիտեմ, բայց Կապանում գրախանութ չկա: Պատճառն այդ է, որ քնից շուտ արթնացողը աճապարում է դպրոց` գիրք ու տետր վաճառելու: Ի վերջո չարչիության այս տեսակին վերջ դնելու ժամանակն է» , – նշել է Լեւոն Մարգարյանը: Մանկավարժական համաժողովին ներկա գտնվող դպրոցի տնօրենները բարձրացրեցին իրենց դպրոցների առջեւ ծառացած խնդիրները` դպրոցական գույքի նորացմանը, դասագրքերի տեղափոխմանը, ավագ դպրոցների հետագա գործունեությունը վտանգող մի շարք հանգմանքների մասին: Իսկ հանդիպմանը ներկա գտնվող ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, ներկայացրեց ոլորտում իրականացված բարեփոխումների, բեռնաթափված ծրագրերի եւ այլ նորարությունների մասին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ