Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալին

Օգոստոս 27,2012 18:23

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Մարտա Դասուին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: «Առկա է հայ-իտալական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ: Այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք կա իրականացնելու: Վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան կնպաստի մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Բարձր գնահատելով հայ-իտալական քաղաքական համագործակցությունը՝ կողմերը կարևորել են նաև տնտեսական կապերի հաստատումն ու հետագա խորացումը: Այդ նպատակով առաջիկա սեպտեմբերին կազմակերպվելու է հայ-իտալական գործարար համաժողով, կհիմնադրվի նաև հայ-իտալական առևտրային պալատ:

Վարչապետ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ձևավորելու հայ-իտալական միջկառավարական հանձնաժողով, որի շուրջ իտալական կողմի հետ արդեն իսկ ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն:

Կառավարության ղեկավարն Իտալիայի փոխարտգործնախարարին է ներկայացրել Հայաստանում ձևավորվող ազատ տնտեսական գոտիների գաղափարը: Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարության բնագավառներում գործունեություն ծավալող իտալական ընկերությունների հնարավոր ներգրավմանը ազատ տնտեսական գոտիներ:

Մարտա Դասուին նախ Տիգրան Սարգսյանին է փոխանցել Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի ջերմ ողջույնները և հույս հայտնել, որ մոտ ապագայում առիթ կլինի հանդիպել Իտալիայի կառավարության ղեկավարի հետ:

Տիկին Դասուին ընդգծել է, որ Իտալիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները բարձրացնելու նոր մակարդակի: Այդ առումով կարևորվել է առաջիկա հոկտեմբերին նախատեսված Իտալիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան:

Խոսելով տնտեսական հարաբերությունների մասին՝ Իտալիայի փոխարտգործնախարարը նշել է, որ իտալական ընկերությունները շահագրգռված են մասնակցելու Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերին, մասնավորապես, հեռուստատեսության թվայնացման և ճանապարհաշինարարության բնագավառներում: Տիկին Դասուին վստահեցրել է, որ իր երկիրը պատրաստ է  օժանդակելու Հայաստանին՝ նաև եվրաինտեգրման գործընթացներում:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են տեքստիլ արդյունաբերության,  զբոսաշրջության, փոքր և միջին բիզնեսի, գյուղացիական տնտեսությունների զարգացման, ինչպես նաև  աստղաֆիզիկայի բնագավառներում երկկողմ  համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031