Մոտ 2 տարի առաջ, կառավարության անդամներն ու մարզային իշխանությունները, հանդիսավոր պայմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում շահագործման հանձնված խմելու ջրի խողովակի բացում արեցին: Սակայն սույն պաշտոնյաները ոտքները քաշելուց հետո, գյուղացիներն այդ ջրի երեսն օրերով չեն տեսնում: Նախկինի պես սուրենավանցիները ստիպված են լինում լիտրերով ջուր գնել, քանի որ ծորակից եկող ջրի վրա չեն կարողանում հույս դնել:
Մեզ հետ զրույցում այս գյուղի բնակիչները պատմեցին, որ շաբաթվա մեջ 1-2 անգամ մեկ ժամով կաթիլ-կաթիլ ջուր է գալիս, այնքան քիչ քանակությամբ, որ նույնիսկ չեն հասցնում հավաքել: Մինչդեռ մարզի պատասխանատուները խոստացել էին, որ այդուհետ սուրենավանցիները ջրի խնդիր չեն ունենալու եւ Գառնիի ջուրն ուղիղ մարդկանց բնակարաններ է մատակարարվելու: Ներկայումս էլ է մատակարարվում, բայց ցիստեռնների տեսքով:
Սուրենավանցիների համոզմամբ, իրենց միտումնավոր են ջրազրկում, որպեսզի այս եւ հարակից գյուղերում վաղուց գործող «ջրի բիզնեսը» չտուժի: Իսկ որ այդ ամենաշատ սպառվող ապրանքի բիզնեսում մարզի ազդեցիկ մարդկանց մատն է խառը, ոչ մի գյուղացի չի կասկածում. «Հակառակ դեպքում մեր ջուրը նորմալ տեղ կհասներ: Նոր անցկացրած խողովակների հետ կապված որեւէ խնդիր չկա, բայց ջուրը ճնշում չունի, որ տեղ հասնի: Գալիս է կաթիլ-կաթիլ: Եկան խոստումներ տվեցին ու էն գնալն է, որ գնացին, դրանից հետո բողոքենք-չբողոքենք, ո՞վ է գյուղացուն բանի տեղ դնում, հետո էլ ասում են՝ արտագաղթում են: Գյուղում ջահել չի մնացել՝ չափահաս դառնալուն պես, գյուղից գնում են»:
Սուրենավանցիների խոսքերով, մինչ գյուղում ջրի խողովակներ անցկացնելն իրենք օգտվելիս են եղել արտեզյան ջրերից, ու քանի որ կառավարությունը խմելու ջրի հարցը այս գյուղերում լուծված է համարել, բնակիչներին զրկել են արտեզյան ջրերից. «Հիմա ոչ արտեզյանը կա, ոչ էլ` Գառնիի ջուրը: Արտեզյան ջրերով գոնե մեր հորերն էինք լցնում ու կենցաղային շատ-շատ հարցեր լուծում, եւ միայն խմելու ու ճաշ պատրաստելու համար էինք ջուր գնում, հիմա ամեն ինչի համար ջուրը գնում ենք, այսինքն` կրկնակի ենք տուժում»:
Aravot.am-ի հարցին, թե տեղյա՞կ են արդյոք, որ սուրենավանցիները շաբաթներով ջուր չեն ունենում, Արարատի մազպետի տեղակալ Կառլեն Հակոբյանն ասաց. «Ճիշտ է՝ վթար ունեցել ենք, բայց դա տեւել է 2 օր»: Մեր դիտարկմանը, թե սուրենավանցիները պնդում են, որ իրենց ջրի հարցը ոչ թե 2 օրվա, այլ երկու տարվա խնդիր է, պարոն Հակոբյանը նկատեց. «Հիմա հնարավոր է, որ ընդհատումներով ջուրը տան, քանի որ ամառը վատ սեզոն է: Եվ քանի որ ջուրը մատակարարից ստանում է Սուրենավանի գյուղապետարանը, լցնում իր հորերը եւ ինքը բաշխում բնակիչներին, հնարավոր է՝ մի փողոցում մի ժամի տա, մեկ այլ փողոցում՝ մեկ այլ ժամի, բայց ջուրը բաց է թողնվում ժողովրդին: Այսօր Սուրենավանը ստանում է շուրջ 140 տոննա ջուր: Բայց պետք է մինչեւ 200-210 տոննա ստանա: Հնարավոր է՝ գյուղի ծայրամասերում ապրող որոշ անհատներ խնդիր ունեն, բայց ընդհանուր` նման խնդիր չկա»: Պարոն Հակոբյանը տեղյակ չէր, թե սահմանված գրաֆիկով գյուղացին քանի՞ ժամ պետք է ջուր ունենա` ասելով, որ այդ հարցերն էլ է գյուղապետարանը կարգավորում:
Սուրենավանի գյուղապետարանից մեզ չհաջողվեց տեղեկատվություն ճշտել, քանի որ պարզվեց՝ գյուղապետն այս պահին մի գործով կալանավորված է: Եվ Սուրենավանը նոր գյուղապետ կունենա սեպտեմբերի 10-ին: Ինչ վերաբերում է, ցիստեռններով «ջրի բիզնես» անելուն, ապա մարզպետի տեղակալը վստահեցրեց, որ գյուղը «ջրաֆիկացնելուց» հետո ջրավաճառ մեքենաներ գյուղերում չկան:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ