Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Արագածոտնի մարզում կայացած օգոստոսյան խորհրդակցությունը վերջում ամփոփել է մարզպետ Սարգիս Սահակյանը: «Սպասում էի, որ մարզպետը կհայտարարի այն դպրոցների ցանկը, որոնք հիմնանորոգվել են եւ պատրաստ են սեպտեմբերի 1-ին, սակայն նա ոչինչ չհայտարարեց: Իսկ ես դեռ անցյալ տարվանից գիտեմ դպրոցներ, որոնց հիմնանորոգումը մարզպետի եղբոր «Ես եւ նա» ՍՊԸ-ն է անում, եւ բոլոր ժամկետները խախվել էին: Արդեն որպես ԱԺ պատգամավոր չեմ կարող հետաքրքրվել, բայց իբրեւ կրթության փորձագետ ինձ հետաքրքրում է՝ դպրոցների հիմնանորոգումն ավարտվե՞լ է, եթե այո՝ ի՞նչ վիճակ է: Անցյալ տարի ինչքան գնացել-հետեւել եմ շինարարությանը, որակով չէր, եւ ուսումնական գործընթացը տուժում էր: Մի կարեւոր բան եւս. մարզպետը հորդորեց տնօրեններին աշակերտների հավելագրումներ չանել, ասաց՝ ճիշտ է, մեր մարզում այդպիսի բան չի եղել, ու եթե հանկարծ նման մի բան անեք, ես շատ կնեղանամ: Ուզում եմ մարզպետին հիշեցնել, որ դեռ 3 տարի առաջ Վերահսկիչ պալատը ուսումնասիրությունների արդյունքում պարզել էր, որ Արագածոտնի մարզի դպրոցներում հավելագրումների արդյունքում պետբյուջեին 21 մլն դրամի վնաս է հասցվել: Էնպես որ, թող մարզպետը հասկանա, որ գեղից մարդ կա»,-ասաց Բախշյանը:
Aravot.am-ը Արագածոտնի մարզպետարանի մամուլի պատասխանատու Սաթենիկ Զորյանից հետաքրքրվեց, ի վերջո քանի՞ հիմնանորոգված դպրոց է պատրաստ սեպտեմբերի մեկին երեխաներ ընդունել: Մամուլի պատասխանատուն հստակ թիվ չնշեց եւ ասաց, որ հիմնանորոգումը ընթացքի մեջ է, ու դպրոցների մասին կոնկրետ տեղեկատվությունը զետեղված է մարզպետարանի կայքում : Իսկ այնտեղ ընդամենը նշված էր. «Միայն վերջին տարիներին մարզում շուրջ 80 դպրոց է վերանորոգվել: Ներկայումս վերանորոգման գործընթացի մեջ է 20 դպրոց: Դպրոցաշինության ծրագրերը շարունակական են, որոնք իրենց շրջանակում են ներգրավելու մարզի բոլոր կրթօջախները»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև