Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտների դեֆիցիտ՝ Շիրակի մարզի դպրոցներում

Օգոստոս 27,2012 17:19

Այսօր Գյումրու «Տիրամայր Հայաստան» կոչվող կառույցում, որն ավելի շատ հայտնի է Գյումրու կուսանոց անվամբ, տեղի ունեցավ դպրոցի տնօրենների տարեսկզբյան խորհրդակցությունը: Ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:

Մինչ կրթական ոլորտի պատասխանատուները ելույթ էին ունենում ` տարբեր հարցեր շոշափելով, դպրոցի տնօրեններից շատերը ողբում էին իրենց աշակերտ չունենալը: Aravot.am-ի հետ զրույցում Գետափ գյուղի դպրոցի տնօրեն Ռուզան Ղալաչյանը դժգոհեց, որ այս տարի դպրոց է հաճախելու ընդամենը 8 աշակերտ, աշակերտության թիվը, ըստ տիկնոջ, գնալով կրճատվում է , քանր որ գյուղը դատարկվում է: «Տարիներ առաջ դպրոցում շատ աշակերտներ ենք ունեցել, նույնիսկ 200 աշակերտ է սովորել, բայց վերջին 10 տարիների ընթացքում կտրուկ նվազել է: 10 տարի առաջ 200 աշակերտ ունեինք, իսկ այս պահին՝ 78 աշակերտ»,- ասաց տիկին Ղալաչյանը:

Գրեթե նույն բողոքը ներկայացրեց Շիրակի մարզի ամենամեծ գյուղական համայնքի`Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մուշեղյանը: «Մեր դպրոցում 6-15 երեխա գնացել է արդեն, ի դեպ, ասեմ` երեխաներ կային, որ գնացել էին հետ գալու միտումով, բայց հիմա բարեկամները նրանց անձնական գործերն են պահանջում, ես էլ ասում եմ` մինչև չբերեք երաշխավորագիրը, ես չեմ կարող անձնական գործ տալ: Մենակ իմ դպրոցում չէ, որ աշակետների թիվը նվազում է, հարևան դպրոցներում ևս նույն վիճակն է , ամբողջ Ախուրյանի տարածքով է: Ախուրյանը անասնապահական տեղ չէ, որ ծնողը զբաղմունք գտնի, դրա համար գնում են հանրապետությունից դուրս, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, հիմնականում Կրասնոդարի շրջանի Կանսկ քաղաքը: Մեր գյուղացիները գնացել են այնտեղ, հիմնել են աշխատատեղեր»: Այս փաստը չի ազդո՞ւմ արդյոք դպրոցների ֆինանսավորման վրա, որոնք վճարվում են աշակերտների թվով հարցին էլ տնօրենը պատասխանում է, որ փորձում են խնդիրը հարթեցնել առաջին դասարանցիների միջոցով, որոնց թիվն այս տարի Ախուրյանում շատ է:

Աշակերտների թվի պակաս կա նաև Գյումրու անգլիական թեքում ունեցող Ջորջ Բայրոնի անվան դպրոցում, որտեղ, ի դեպ, մեծամասամբ մեծահարուստների երեխաներ են հաճախում: Տնօրեն Գրիգոր Հարությունյանը սա բացատրում է դպրոցների կարգավիճակի փոփոխությամբ, հիմնական դպրոցի սաները ուսումը շարունակում են վարժարաններում, արհեստագործական ուսումնարաններում, քոլեջներում:

Ըստ տնօրենի, առաջին դասարան ընդունվողների թիվն էլ քիչ է, քանի որ ծնելիությունն է նվազել: Ըստ տնօրենի, ոչ թե դպրոցն է հեղինակազրկվել, այլ թաղամասի տնակներում ապրողների մեծ մասը բնակարաններ են ստացել ու հեռացել, մի մասն էլ արտերկիր է գնում բնակության:

Պաշտոնական վիճակագրությունը ևս փաստում է, որ Շիրակի մարզի ենթակայության տակ գտնվող դպրոցներում ևս նվազել է աշակերտների թիվը. եթե 2009-2010 թվականներին 34170 աշակերտ էր սովորում, 2010-2011 թվականներին դարձել է 30054, իսկ 2011-2012 թվականներին` 28224: Իսկ առաջին դասարանցիների թիվը, նախնական հաշվարկներով, կլինի մոտ 3307:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031