Մոտ 10 օր առաջ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում գողացել են քաղաքային մշակույթի տան ետնամուտքում հաշմանդամների համար կառուցված թեքահարթակի մաս կազմող աստիճաններից մեկի բազալտե սալիկները: Հաշմանդամների խնդիրներով զբաղվող Նոյեմբերյանի «Նոյաստղ» ՀԿ-ն թեքահարթակի կառուցման համար ծախսել է 300 հազար դրամ: Թեքահարթակի մի կողմը նախատեսված է հաշմանդամների սայլակների մուտքի, մյուսը՝ առանց անվասայլակի տեղաշարժվող, սակայն քայլելու դժվարություններ ունեցող հաշմանդամ անձանց համար:
Նշենք, որ մշակույթի տան առաջին հարկը փողոցից ցածր մակարդակի վրա է գտնվում, այնտեղ մտնելու համար հաշմանդամները բազմաթիվ աստիճաններով պիտի ներքեւ իջնեն: Մշակույթի տանը տեղակայված է ընտրական տեղամաս: Նոյեմբերյանի մշակույթի տան տնօրեն Կարինե Ազիբեկյանը գողության կապակցությամբ դիմել է ոստիկանություն: Կ. Ազիբեկյանն ասաց, որ բազալտե սալիկները սովորաբար օգտագործվում են գերեզմանատնում, գերեզմանների շուրջը կառուցապատելու նպատակով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ