Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Պետք է փոխել օգոստոսյան խորհրդակցությունների ձեւաչափը

Օգոստոս 27,2012 16:32

 

Նոր ուսումնական տարվա նախաշեմին ՀՀ մարզերում մեկնարկել են դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունները, իսկ ամսվա վերջին մի խորհրդակցություն էլ կկայանա Երեւանի Մոսկվայի տանը: Այսօր հերթական հանդիպումը տեղի ունեցավ Արագածոտնի մարզում, որին մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, ԿԳ նախարարության ներկայացուցիչներ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:

Aravot.am-ը Անահիտ Բախշյանին խնդրեց հայտնել տպավորությունները եւ նկատառումները խորհրդակցության վերաբերյալ՝ իբրեւ կրթության փորձագետ: Տիկին Բախշյանն ասաց, որ 40 եւ ավելի տարիներ մասնակցելով օգոստոսյան խորհրդակցությունների, եկել է այն եզրակացության, որ ժամանակն է փոխել դրանց ընթացքը, կարեւորել բովանդակությունը. «Պետք է այնպիսի ձեւաչափ մտածել, որ տնօրենների եւ ուսուցիչների հետ քննարկվող հարցերը ոչ միայն բարձրաձայնվեն, պատասխանները ստանան, այլեւ հստակեցվի, թե ով է կոնկրետ պատասխանատվություն ստանձնում դրա լուծան համար»:

Մեր զրուցակիցը փաստեց, որ Արագածոտնի մարզի խորհրդակցության ժամանակ որոշ տնօրեններ բարձրացրել են շատ կարեւոր մի քանի հարց, որոնք շուտափույթ պատասխան են ակնկալում: Դրանցից մեկը վերաբերում է 200 դասաժամ բացակա ունեցող այն աշակերտներին, որոնք մայիսին քննություններ են հանձնում. «Այդ քննությունները ոչ մի տեղ չեն արձանագրվում եւ մատյանի մեջ չեն երեւում: Տնօրեններից մեկն առաջարկում էր ձեւ մտածել, որպեսզի դա արձանագրվի»:

Կրթության փորձագետն առանձնացրել է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի տնօրենի բարձրաձայնած դպրոցական սննդի հարցը. «Տնօրենն ասում էր, որ իրենց բուֆետները վարձակալության են տրված, եւ դպրոցների շենքերի սեփականության իրավունքն իրենց ձեռքին չէ, իսկ որեւէ նոտար փաստաթղթի պատճենով պայմանագիր չի կնքի: Այսինքն՝ մի կողմից հանձնարարված է, որ դպրոցները սնունդը կազմակերպեն, մյուս կողմից էլ՝ տնօրենը չի կարող պայմանագիր կնքել: Ճիշտ է, խորհրդակցությանը ներկա ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այդտեղ էր եւ փորձեց լուծում տալ, բայց նման խնդիրներին այդկերպ լուծում չի տրվում: Խորհրդակցությունների օգտակար գործողության գործակիցը պետք է բարձրացնել կամ փոխել ձեւաչափը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031