ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում է՝ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե Սյունիքի մարզպետը կապանցիներին ստիպում է Կապանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում սատարել ՀՀԿ թեկնածուին: «Սովորական սցենար է, որ միշտ էլ ընտրություններից առաջ տարբեր ուժերի կողմից օգտագործվում է… ինչ մարդիկ կանչել, չգիտեմ ինչ: Նախ մեր թեկնածուն բավականին ապահովված է այնտեղ, համենայնդեպս մեր ինֆորմացիան այդպիսին է ժողովրդի կողմից: Նման խոսակցություններ տարածողները մի խնդիր են առաջացնում, որ լարվածություն ստեղծեն: Մենք լրիվ հակառակ դիրքորոշումով ենք գնում , ով կընտրվի, չի ընտրվի, թող ընտրվի, միայն ընտրությունները լավ կայանան»,- Aravot.am-ին ասաց Գ. Սահակյանը:
Ըստ նրա, Կապանում ՀՀԿ թեկնածուն ընտրվելու մեծ շանսեր ունի, հակառակ դեպքում՝ «Եթե մեր շանսերը բարձր չգնահատեինք, ուրեմն չէինք էլ առաջադրի»:
Պարոն Սահակյանն ասաց, որ ամեն ինչ անելու են , որ ընտրություններում լարվածություն չստեղծվի, ու կապանցիները կարողանան ազատորեն իրացնել իրենց քվեն:
Կարդացեք նաև
Նա բացառեց նաեւ որ քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Գագիկ Աղաջանյանն ինքնաբացարկի է դիմել ճնշումների տակ.«Անպտուղ ինֆորմացիաներ են եւ անպտուղ իրավիճակներ ստեղծելու նպատակ ունեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ