Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականները համաշխարհային օլիմպիադաներում առաջին լուրջ նվաճումն արձանագրել են 1992 թվականին Մանիլայում (Ֆիլիպիններ) անցկացված 30-րդ համաշխարհային օլիմպիադայում: Այդ տարի Ռաֆայել Վահանյան, Վլադիմիր Հակոբյան, Սմբատ Լպուտյան, Արտաշես Մինասյան, Արշակ Պետրոսյան, Աշոտ Անաստասյան գրոսմայստերական կազմով մեր ընտրանին պատմության մեջ առաջին անգամ արժանացավ բրոնզե մեդալի` իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի եւ Ուզբեկստանի թիմերին:
Տասը տարի անց` 2002 թվականին, Սլովենիայի Բլեդ քաղաքում անցկացված 35-րդ համաշխարհային օլիմպիադայում այդ նվաճումը կրկնեցին Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Կարեն Ասրյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը եւ Աշոտ Անաստասյանը: Հաջորդ` 36-րդ օլիմպիադայից` 2004 թվական, Կալվիա, Իսպանիա, երրորդ անգամ երրորդ մրցանակային տեղ գրավեցին Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արտաշես Մինասյանը:
Մեր տղաների ընտրանին դրանից հետո չորս տարի անընդմեջ (շախմատի համաշխարհային օլիմպիադաներն անցկացվում են երկու տարին մեկ) ճանաչվել է ուժեղագույն օլիմպիական թիմն աշխարհում: Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արտաշես Մինասյանը 2006 թվականին չեմպիոն հռչակվեցին Թուրինում անցկացված 37-րդ համաշխարհային օլիմպիադայում` իրենցից ետ թողնելով մրցանակային եռյակը կազմած Չինաստանին եւ ԱՄՆ-ին, իսկ Դրեզդենում նույն կազմով պահպանեցին չեմպիոնի տիտղոսը` շրջանցելով արդեն Իսրայելին եւ ԱՄՆ-ին:
Նախորդ օլիմպիադայում, որ կայացավ Խանտի-Մանսիյսկում, մեր տղաները գրավել են յոթերորդ համեստ տեղը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ