Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահականից հացադուլավորին տեղից տեղ են ուղարկում

Օգոստոս 27,2012 15:03

Օգոստոսի 20-ից, որդուն վերադարձնելու պահանջով նախագահի նստավայրի առաջ անժամկետ հացադուլ հայտարարած Դավիթ Ծաղիկյանին 3 օր անց ՀՀ նախագահականից հորդորել են ոստիկանության պաշտոնյաների հետ հանդիպել: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Դավիթը պատմեց, որ չնայած ոստիկանների բարեհամբույր վերաբերմունքին, որոնք նրան ընդունել են, խնդիրը լսել են, իր հարցին ոչ մի լուծում չի տրվում. «Ոստիկաններն էլ համաձայնեցին, որ փորձագետի արարքի մեջ հանցակազմ կա, բայց ասացին, որ ոչինչ անել չեն կարող»:

Դավիթ Ծաղիկյանը նման ծայրահեղ քայլի է գնացել, քանի որ ինչպես ինքն է ասում` «Նախկին աներս ոստիկանության գնդապետ լինելով՝ կարողացել է այնպես անել, որ տղայիս` Լեւ Եսոյանին ձեռքիցս խլի` հայտարարելով, թե երեխան ինձնից չէ սերված»:

Դավիթը 4 տարի է դիմում է գլխավոր դատախազին, ՀՀ նախագահին` դատական գործընթացի ժամանակ տեղի ունեցած խախտումները բացահայտելու եւ ապացուցելու, որ Լեւ Եսոյանն իր որդին է:

Ներկայումս նրա որդուն որդեգրել է պապիկը՝ Դավիթի նախկին կնոջ հայրը, եւ երեխային կտրականապես արգելում են հանդիպել հոր հետ: Դավիթ Ծաղիկյանի խոսքերով, երեխայի իսկական հորը պարզելու համար, դատավորը դատագենետիկական փորձաքննություն է նշանակել, որը պետք է արվեր թքի, մազի կամ քրտինքի միջոցով, սակայն, ըստ Դավիթի, փորձագետն ինքնակամ որոշում է կայացրել` այն անել արյան միջոցով: Եվ, չնայած, որ Դավիթը պնդում է, թե իրենից անգամ արյուն չեն վերցրել փորձաքննությունն անելու համար, բայց չգիտես ինչպես, գործի նյութերում փաստաթղթեր են հայտնվել, թե Դավիթը արյուն է տվել, ինչի արդյունքում պարզվել է, որ երեխան նրանը չէ:
Ոստիկանների հետ հանդիպելուց հետո Դավիթ Ծաղիկյանը որոշել է շարունակել հացադուլը, սակայն այս անգամ էլ նախագահի նստավայրից նրան ուղղորդել են ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայությանը դիմում գրել: Իր նամակում Դավիթ Ծաղիկյանը նկարագրել է, որ փորձագետը դատավորի որոշում է փոխել`այդկերպ խախտելով օրենքը, Վերահսկողական ծառայությունից քաղաքացուն պատասխանել են` «…..Ձեր կողմից արծարծված հարցի վերաբերյալ առկա է ՀՀ Վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը»: Դավիթ Ծաղիկյանի խոսքերով, դատական երեք ատյանով անցած իր գործը Վճռաբեկ դատարանում բեկանվել է եւ հետ ուղարկվել առաջին ատյան, սակայն դատարանը կրկին նույն փորձագետի մոտ է փորձաքննությունը նշանակել. «Այսինքն` նրա, որն առաջին անգամ կեղծիք է արել»:

Դավիթը պատրաստվում է շարունակել հացադուլը. մինչեւ չկատարվի կրկնակի փորձաքննություն նշանակելու իր պահանջը. «Ես պատրաստ եմ Իսրայելից, իմ միջոցներով մասնագետներ հրավիրել ու թող ինձ ապահովեն, որպեսզի ես եւ երեխաս փորձանմուշներ հանձնենք: Սակայն դատարանն ինձ այդ հնարավորությունը չի տալիս»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031