Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Երևան–Մոսկվա–Աստանա–Կիև տեսակամուրջ` «Երիտասարդ Եվրասիա» ֆորումի արդյունքները» թեմայով։ Հիշեցնենք, որ Եվրասիական առաջին երիտասարդական ֆորումն անցկացվեց Ծաղկաձորում՝ օգոստոսի 22-27–ը։ Այդ ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ՝ Եվրասիական միության ձևավորման վրա ԶԼՄ–ների ազդեցության և ընդհանուր մեդիա-կառուցվածքի ստեղծման մասին։
Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Սմիռնովն ասաց, որ ֆորումի նպատակն է` շփումների հաստատումը և կապերի ամրապնդումն ԱՊՀ և Բալթյան երկրների երիտասարդ առաջնորդների միջև, ինչպես նաեւ՝ հետխորհրդային տարածքում միասնական տեղեկատվական ցանցի ստեղծումը. «Ֆորումի ավարտին կայացվեց որոշում՝ ստեղծել եվրասիական ինֆորմացիոն լիգա, որը կարձանագրի եվրասիական ինտեգրման համար անհրաժեշտ միջոցները»: Սմիռնովը հավելեց, որ եվրասիական ինֆորմացիոն լիգայում կներգրավվեն ԶԼՄ-ների երիտասարդ ներկայացուցիչները եւ հ/կ-ների անդամները:
ՄՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, Հետխորհրդային տարածքի ուսումնասիրման տեղեկատվական–վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը ֆորումը համարեց հաջողված. «Այն կարեւոր հարթակ է երիտասարդների գործունեության համար: Առհասարակ, եվրասիական թեմաները լուսաբանող ԶԼՄ-ները պետք է ունենան ռեալ ծրագրեր, որոնց համար անհրաժեշտ է փորձագետների համախմբում՝ եվրասիական միավորման կայացման համար: Մեդիա-համակարգը կօգնի ձեւավորել հասարակական կարծիք»:
Կարդացեք նաև
Խոսելով եվրասիական գործընթացին Ղազախստանի երիտասարդության մասնակցության մասին՝ «Նուր Օտան» ԱԴԿ «Ժաս Օտան» երիտասարդական թևի գործադիր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Նուրլան Սըդըկովը նշեց, որ Ղազախստանի երիտասարդները գիտակցում են եվրասիական ինտեգրման անհրաժեշտությունը. «Դա զարգացման առաջնահերթ պայմանն է, որը գլխավորապես կախված է տեղեկատվական ոլորտից եւ լրատվությունից: Կգործադրենք բոլոր ջանքերը՝ եվրասիական ինտեգրման համար անհրաժեշտ գործընթացները մեր երկրում շարունակելու համար»:
Սևծովյան–Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, ՀԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևի խոսքով, եվրասիական ինֆորմացիոն լիգայի ստեղծումը դժվար գործընթաց է, քանի որ եվրասիական գաղափարախոսությունը եւ նպատակերը ձեւավորման փուլում են. «Պետք է պատրաստ լինել առաջիկայում ծագելիք կոնֆլիկտներին: Եթե գործընթացը համակարգված ընթանա, եվրասիական ինտեգրումը նաեւ տնտեսական կապերի ստեղծման հնարավորություն կտա»:
Ռուս–ուկրաինական տեղեկատվական կենտրոնի տնօրեն, Միջազգային ինտեգրման ինստիտուտի փոխտնօրեն Օլեգ Բոնդարենկոն փաստեց, որ Ուկրաինայի երիտասարդությունն աստիճանաբար ներգրավվում է եվրասիական ինտեգրման գործընթացին. «Վստահ ենք, որ եվրասիական միավորումն առանց Ուկրաինայի թերի կլինի»:
ԱՊՀ երկրների ինստիտուտի Ուկրաինայի մասնաճյուղի տնօրեն Վլադիմիր Կոռնիլովը նկատեց, որ «Երիտասարդ Եվրասիա» ֆորումն ուկրաինական ԶԼՄ-ներում ըստ պատշաճի չի լուսաբանվել. «Տպավորություն է ստեղծվում, թե Ուկրաինան գնում է դեպի Եվրամիություն՝ մերժելով եվրասիական միավորումը, մինչդեռ Ուկրաինայի երիտասարդությունը կողմ է եվրասիական ինտեգրմանը»:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդական միության նախագահ Վահե Էնֆիաջյանը հայտնեց, որ այսօր ֆորումի փակումն է. «Ֆորումն անցավ բարձր մակարդակով՝ 14 երկրի երիտասարդների մասնակցությամբ: Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Ուկրաինայի, իսկ առաջիկայում ՝ Ռուսաստանի երիտասարդ առաջնորդների հետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ