ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2012թ. Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դիտավորությամբ դաժան ծեծի ենթարկելու հետևանքով մահացած Վահե Ավետյանի և նրա ընկերների առողջական ծանր խնդիրներ առաջացրած ֆիզիկական բռնությունների փաստով՝ այսպես կոչված «քրեական գործն» ուղարկվել է դատարան:
Նախաքննության մարմինը և դատախազությունն ամեն ինչ արեցին հանցագործությունը չբացահայտելու, Ռուբեն Հայրապետյանին հովանավորելու, հանցագործությանը նրա մասնակցությունը հիմնավորող հնարավոր փաստերը չբացահայտելու և չուսումնասիրելու համար: Հաշվի չառնվեցին քրեական ծանր հանցագործության բացահայտման նպատակով տուժողների և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բոլոր միջնորդությունները:
Այսինքն, հանցագործության բացահայտման ուղղությամբ օրենքով սահմանված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն չի իրականացվել:
Դատապարտելով ՀՀ իրավապահ մարմինների ակնհայտ կողմնակալ, հանցավոր գործելակերպը, գտնում ենք, որ այն մարտահրավեր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն և ՀՀ Սահմանադրությանը:
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը հայտարարում է,
ՀՀ իրավապահ մարմինները, այդ թվում ՀՀ ոստիկանությունը, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը իրենց ակնհայտ գիտակցված և կանխամտածված անգործությամբ, չկատարելով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ՀՀ քաղաքացիների առջև իրենց պարտականությունները և լիազորությունները, իրենց դուրս են դրել ՀՀ Սահմանադրությունից և հանդես են գալիս ոչիրավական կառույցներ:
Դիմում ենք ՀՀ քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, միանալ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կատարված հանցագործության լիակատար բացահայտմանը, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մեր քաղաքացիական պայքարին, պահանջելով.
1. Քրեական գործը դատարանի կողմից վարույթ չընդունել, տուժողների ներկայացուցիչների միջորդություններին ընթացք տալ և սկսել նոր քննություն:
2. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին. Պահանջել ՀՀ Ազգային Ժողովի օրակարգում ընդգրկել ՀՀ Գլխավոր դատախազի , ՀՀ ոստիկանապետի և ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության պետի հրաժարականների հարցը: