Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր տեղի ունեցավ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ Սամսոն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով «չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ», Մեխակ Գաբրիելյանին է տվել $120.000, որի դիմաց նույն ժամանակահատվածից սկսած մինչև 2011 թ. մարտ ամիսը ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված 1 տոկոս տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող՝ ամսական 3.5 տոկոս, ապա 5 տոկոս, այնուհետև 10 տոկոսի չափով տոկոսային հավելավճարներ, որոնք ընդհանուր կազմել են $190.725-ին համարժեք դրամ:
Դատաքննության ընթացքում հարցաքննվեցին 6 վկաներ. Նրանց մեջ էին խորհրդային տարիների նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը, դաշնակցական պատմաբան, «Դրո» գրքի հեղինակ Համլետ Գեւորգյանը: Վկաները բոլորն էլ Ս. Ղազարյանի ընկերներն էին ու պնդում էին, որ սոցիալապես ոչ լավ պայմաններում է ապրել, ու զարմացած են՝ որտեղից նրան այդքան գումար:
«Իմ տպավորությամբ Սամսոնը 120.000 դրամ չուներ գրպանը, ուր մնաց՝ 120.000 դոլար: Իմ երեւակայության մեջ դա չի տեղավորվում»,- պարզաբանեց վկաներից Հասմիկ Հարությունյանը:
Կարդացեք նաև
Նրանք նաեւ պնդում էին, որ տուժող Մ. Գաբրիելյանը ամբողջությամբ մարել է պարտքն ու հավելավճարները:
Դատավոր Արշակ Վարդանյանը վկաներից մեկի՝ Խորեն Թորոսյանի ՝ նախաքննության ժամանակ ու այսօր տված վկայության մեջ արձանագրեց հակասություն՝ կապված այն հարցի հետ, թե Մ. Գաբրիելյանի փոխանցած գումարը՝ 3500 դոլարը, որն ինքը փոխանցել է Ս. Ղազարյանին, եղել է պա՞րտք, թե՞ հավելավճար: Նախաքննության ժամանակ նա ասել էր՝ որպես պարտք է փոխանցել, իսկ այսօր պնդում էր՝ որպես տոկոս:
Նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 6-ը՝ վկաներից մեկի՝ Ավագ Հարությունյանի բացակայության պատճառով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ