Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անտառն այրելու համար հովվին տուգանել են 95 մլն դրամով

Օգոստոս 27,2012 14:32

Գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը

Անտառի համար պատասխանատուները գտել են անտառն այրողներից մեկին, որը պարզվել է, ինչ-որ հովիվ է: Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի՝ «Մենք ունենք միայն մեկ դեպք, երբ ակտ է գրվել: Լոռու մարզում անցյալ տարի բացահայտեցինք մի մարդու, ինչ-որ հովիվ էր, ում անզգուշության հետեւանքով հրդեհ էր բռնկվել: Դատը եղել է, եւ վնասը կազմել է 95 մլն դրամ: Հիմա էդ «չոբանը» պիտի 95 մլն դրամ տուգանք տա, տեսնենք` ինչ կլինի»:

 Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում Ռուբեն Պետրոսյանը եւ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը ներկայացրին անտառային հրդեհների վիճակագրությունը:

Հայաստանի անտառաշատ վայրերում, մասնավորապես` Սյունիքի եւ Տավուշի մարզերում, իրականացվում են ուսումնավարժանքներ, որպեսզի պատրաստ լինենք հրդեհներին դիմակայել:

Ինչ վերաբերվում է խոտածածկ տարածքներում առաջացող հրդեհներին, ապա Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ այդ տարածքներում հրդեհները հաճախակի են դառնում ամռան շրջանում` պայմանավորված եղանակով. «Երեւանում այս տարի զգալիորեն նվազել է խոտածածկ տարածքներում հրդեհների քանակը, որովհետեւ այս տարի դրանք պարբերաբար ջրվել են»: Նրա պնդմամբ, հրդեհների 92-93 %-ը մարդկանց անզգուշության հետեւանքով են տեղի ունենում:

Ըստ Սերգեյ Հայրապետյանի, ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի միջինը 200 հազարից ավելի անտառային հրդեհ է տեղի ունենում: Ոչնչացվում են ավելի քան 100 հազարից ավելի հեկտարներ, տարբեր տեսակի անտառային շերտեր: Մեր երկրում վերջին 12 տարում հրդեհվել է մոտ 2700 հա անտառային տարածք:

Ըստ Ռուբեն Պետրոսյանի, քանի որ Սյունիքի մարզում միշտ էլ հաճախ են հրդեհներ բռնկվել, այդ պատճառով էլ Կապանում, Գորիսում, ինչպես նաեւ հատուկ պահպանվող տարածքներում ստեղծվել են արագ արձագանքման խմբեր, որոնք համալրված են նոր տեխնիկայով: Անտառապետի համոզմամբ, ինչքան արագ են արձագանքում հրդեհներին, այնքան քիչ մակերեսով են դրանք տարածվում:

Ռ. Պետրոսյանը լրագրողներին նաեւ տեղեկացրեց, որ իրենց ամենաթույլ օղակը իրազեկման աշխատանքներ իրականացնելն է. «200 պաստառ ամենավտանգավոր տեղերում դրել ենք, բացի այդ, 1200 հատ էլ ուղարկվել են դպրոցներ, համայնքներ անտառտնտեսություններ, սակայն դա քիչ է»:

Անտառապետի խոսքերով, թեեւ անտառածածկ տարածքներն այնքան էլ չեն պակասել, բայց անտառի որակն ընկել է. «Եթե նախկինում ունեինք խիտ անտառ, այժմ ունենք նոսր անտառ»: Նրա ներկայացմամբ` ՀՀ անտառային տարածքները 332 հազար 333 հա են, այդ ցուցանիշը 93 թ.-ին եղել է 334 հազար 100: Ռ. Պետրոսյանը ասաց, որ բավականին դժվար է բռնել այն մարդուն, ում մեղքով հրդեհ է բռնկվել:

 

Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031