Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրված ավագանու անդամի միակ կին թեկնածուն լրագրող է

Օգոստոս 27,2012 14:12

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին 15 հոգանոց ավագանու համար առաջադրված 23 թեկնածուներից 22-ն է մնացել, որոնց մեջ միակ կին թեկնածուն «Սիսիանի ձայն» թերթի խմբագիր, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության Սյունիքի մարզային թղթակից Սրբուհի Գրիգորյանն է, որը նաեւ մշակութաբանություն եւ փիլիսոփայություն է դասավանդում Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում:

«Առավոտի» հետ զրույցում ավագանու անդամի թեկնածուն իր առաջադրման քայլը պայմանավորում է նրանով, որ վաղուց ժամանակն էր՝ ավագանին ձեւական կարգավիճակից գործող ավագանի դարձնելու քայլ արվեր Սիսիանում: Եվ մեծ հույս ունի իր առաջադրմամբ ու հետագա գործունեությամբ նպաստելու կառույցի արդյունավետ աշխատելուն, ավագանու աշխատանքը ծառայեցնելու ի շահ Սիսիանին ու սիսիանցիներին:

«Արդեն 14 տարի է՝ մեզ մոտ ավագանու նիստեր են լուսաբանում, երբեւէ չեմ տեսել, որ համայնքի ղեկավարի առաջարկը մերժվի ավագանու կողմից: Ես ուզում եմ ավագանու համարձակ անդամ լինել, չհաճոյանալ քաղաքապետին, անձնական հարցեր չլուծել, ուզում եմ, որ այս մտածողությունը վերանա Սիսիանից: Ավագանու յուրաքանչյուր անդամ պետք է հասկանա, որ իր լիազորությունը միայն նիստերին պարտաճանաչ մասնակցությամբ չի սահմանափակվում, բոլոր առաջարկների կողմ քվեարկությամբ, եւ հետո տրվելիք ճաշի սպասումով չի սահմանափակվում: Շատ խնդիրների լուծում իհարկե դուրս է ավագանու անդամների լիազորություններից, սակայն օրենքում հստակ նշված է, որ ավագանու անդամը կարող է ի շահ համայնքի ցանկացած խնդրով դիմել մարզպետին եւ պատկան այլ մարմիններին: Մինչ օրս մենք չենք ունեցել նման օրինակ, որ ավագանին ուղերձով դիմի որեւէ մեկին»,- ասում է Սրբուհի Գրիգորյանը եւ գտնում, որ կինը պետք է մասնակցություն ունենա տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում, իր կարողություններով ու իմացություններով նպաստի համայնքի զարգացմանը, քանի որ շատ կանայք ավելի շրջահայաց եւ ավելի համարձակ որոշումներ կարող են կայացնել:

Լրագրողը կարծում է, որ կընտրվի առաջիկա ընտրություններում, եթե սիսիանցիներն այս անգամ ավագանու ընտրություններին լուրջ մոտենան ու չառաջնորդվեն ծանոթ-բարեկամներին ընտրելու սկզբունքով:

Սիսիանում նախկինում ավագանու անդամի եւս մի կին թեկնածու է եղել, բայց բավարար ձայներ չի հավաքել Սիսիանում եւ չի ընտրվել:

«Եթե սիսիանցիները լուրջ վերաբերվեն ավագանու ընտրություններին, չընտրեն նրա համար, որ ասեն՝ մեր տնից էլ մեկը լինի ավագանու կազմում, այլ ընտրելուց առաջ լավ մտածեն, հաշվի առնեն թեկնածուների ե’ւ կարողությունները, ե’ւ հմտությունները, թերեւս աշխատեմ ավագանու կազմում սեպտեմբերի 9-ից հետո: Հակառակ դեպքում` ես իմ հույսը մեր ցեղի ու մեծ բարեկամության վրա չեմ դրել: Ես ցանկանում եմ որակապես փոխված տեսնել ավագանին եւ պատրաստ եմ աշխատել հանուն դրա, որի համար, կարծում եմ, ե’ւ համարձակ եմ, ե’ւ կամային ուժեղ հատկանիշներ ունեմ, ե’ւ փորձ: Սիսիանցիները պետք է որոշեն ում ընտրեն, թող ընտրեն լավագույնին»- հավելում է լրագրողը եւ հաջողություն ցանկանում առաջադրված բոլոր թեկնածուներին:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031