Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առջեւում նախագահական ընտրություններ են, համակարգը Ռուբեն Հայրապետյանին փուռը չի տա»

Օգոստոս 27,2012 13:44

Այսօր «Հարսնաքարի» գործի առնչությամբ «Նոյյան տապան» մամուլի ակումբում «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամ Լարիսա Ալավերդյանը հարցին՝ ստացվում է, որ ողջ համակարգը աշխատում է Ռուբեն Հայրապետյանի համա՞ր՝ պատասխանեց, որ համակարգն ինքն իրեն է պաշտպանում դրանով, ոչ թե Ռուբեն Հայրապետյանին, քանի որ այդ մարդիկ համակարգի անկյունաքարերից մեկն են:

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» բոլոր մեղավորներին» նախաձեռնող խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանի խոսքերով՝ առջեւում նախագահական ընտրություններ են, նման քրեական եւ ֆինանսական  ցանց ունեցող մարդ, ինչպիսին Ռուբեն Հայրապետյանն է, դժվար է կորցնել համակարգին. «Երբեք այդ մարդուն փուռը չեն տա: Սա գործը կոծկելու պատճառներից մեկն է»:

Վահե Ավետյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը բացատրեց, որ «Հարսնաքարի» գործի մանրամասներին ծանոթանալով՝ պարզել են, որ  ընթերակաների ստորագրությունները կեղծված են. «Կա «Հարսնաքար» ռեստորանային համալիրից առգրավված համակարգչային բլոկի հիշողության կրիչ, որի զննումը կատարվել է երկու ընթերակաների մասնակցությամբ: Դրանք կոչված են ապահովելու  նախաքննության մարմինների անկախ վերահսկողությունը: Բայց անուն-ազգանուն-հայրանուն, ծննդյան տարեթիվ, օր, ամիս չկա ընթերակաների, չկա, որ նրանք բնակվում են քաղաք Գյումրիում: Սրանք ակնհայտ կեղծ ընթերականեր են: Այդպիսի գործելաոճ վաղուցվանից ունի որդեգրած նախաքննության մարմինը: Հիմա այդ ընթերակաների դրած ստորագրությունները երեք թերթերի վրա վիզուալ իրար չեն համապատասխանում, ոչ պրոֆեսիոնալ աչքով էլ նայելով՝ երեւում է: Բացի այդ, իրենք ունեն աշխատանքային պայմանագրեր եւ ցուցմունքներ: Ցուցմունքները կասկած չեն հարուցում, որ իրենք են ստորագրել, աշխատանքային պայմանագրերը ենթադրաբար նորից իրենք պետք է ստորագրած լինեին, բայց  այդ ստորագրությունը եւ ցուցմունքում դրած ստորագրությունը նորից իրար չեն համապատասխանում, իսկ դա հիմք է տալիս եզրակացնել, որ դրանք կեղծված են, նրանք չեն ստորագրել: Պայմանագրերը հետին թվով են կազմված, որպեսզի ապացուցվի, որ նրանք «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցներ են: Բացի այդ, 4 անվտանգության աշխատակիցների պայմանագրերը համապատասխանաբար ապրիլ, մայիս, հունիս ամիսներին են կնքված, այսինքն՝ մինչ այդ «Հարսնաքարը» անվտանգության աշխատակից, պարզվում է՝ չի ունեցել»:

Նախաձեռնող խմբի անդամները նաեւ նշում էին, որ գործի նյութերում ավելի խայտառակ փաստաթղթեր էլ կան, օրինակ, դրանցից մեկի համաձայն, իբր քննիչ Ռ. Գրիգորյանը Վահե Ավետյանին ծանոթացրել է նրան որպես տուժող ներգրավելու որոշմանը, այն պարագայում, երբ Վահեն կոմայի մեջ պառկած էր: Փաստաթղթում իբր կա Վահե Ավետյանի ստորագրությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031