Այս տարի «Մանկական Նոր Ալիք» մրցույթը տեղի է ունեցել Արտեկում` օգոստոսի 15-17-ը: Այսօր «Հենարան» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ «Մանկական Նոր Ալիք 2012» երաժշտական մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանը տեղեկացրեց, որ մասնակիցների ընտրությունը կատարվել է միանգամից եւ ավելացրեց. «Առաջին անգամ այս տարի Հայաստանից ընտրեցին երկու մասնակցի: Ժյուրին հիացած է եղել նրանց ելույթով»:
Արվեստի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը նշեց, որ իրենք մրցույթին պատրաստված են եղել եւ դա տվել է իր արդյունքը. «Տարբեր երկրների մասնակիցները հիվանդանում էին, քանի որ պատրաստ չէին նման ծանրաբեռնվածության, միայն մեր երեխաներն էին, որ ընդհանրապես չհիվանդացան, նույնիսկ ասում էին, որ ձեր դպրոցն ուրիշ է»:
Սարգսյանը խոսակցություններ է լսել, որ իրենք պետք է առաջին տեղը զբաղեցնեին, սակայն ասում է, չնայած որ ընդամենը մեկ միավորի տարբերությամբ մեր մասնակիցը զբաղեցրեց երկրորդ տեղը, միեւնույնն է` իր համար նրա կատարումը առաջին տեղում է. «Սա ես համարում եմ մեր հաղթանակը: Եթե այս մրցույթը միայն վոկալային էր, հիմա ցանկանում են բեմում տեսնել արտիստիզմ: Հաշվի է առնվում ամեն ինչ, զարգացվածությունից մինչեւ պահվածք: Պատրաստի դերասանուհի պետք է նա լինի, որպեսզի մասնակցի մրցույթին: 11 երկրից մասնակցել են 16 երեխա, քանի որ Ռուսաստանն ու Ուկրաինան ունենում են մեկից ավելի մասնակից»:
Լրագրողներից մեկի հարցին, թե Էմմիի Եվրատեսիլի տապալումից հետո այս հաղթանակը ի՞նչ նշանակություն ունի, Սարգսյանը պատասխանեց` Էմմին չի տապալել Եվրատեսիլը, Ադրբեջանն է տապալել:
«Մանկական Նոր Ալիք 2012» երգի մրցույթի ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրած Սոնա Գյուլխասյանը ցավում է, որ ընդամենը մեկ միավորի տարբերությամբ չդարձավ հաղթող. «Երգչուհի դառնալիս ես գիտակցում էի, որ լինելու են խոչընդոտներ: Շատ դժվար է եղել մրցակցությունը: Երբ պարզվեց, ոչ Հայաստանը երկու մասնակցով է հանդես գալու մրցույթին, զարմանալի էր: Սա ինձ տվեց նոր ընկերներ եւ ծանոթություններ»:
Արինա Մալխասյանը, ով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, ասաց, որ եթե Նադեժդա Սարգսյանը գոհ է՝ դա արդեն մեծ բան է իր համար::
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ