Այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում «Հարսնաքարի» միջադեպի շուրջ ստեղծված հասարակական քաղաքացիական կազմակերպությունները հրավիրած ասուլիսում կոչ արեցին հասարակությանը կրկին ոտքի կանգնել եւ միանալ հանցագործության լիակատար բացահայտմանը:
Գրող, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի խոսքերով՝ «Պետք է քաղաքացիական պայքար անել՝ թույլ չտալով որ այս գործը վարույթ ընդունվի եւ սկսելով նոր քննություն»:
Նրանք կոչ էին անում նաեւ դրանից հետո դնել Ոստիկանապետի եւ ոստիկանության քննչականի պետի հրաժարականների հարցը:
Կարդացեք նաև
Վահե Ավետյանին իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նշեց, որ իրենք միջնորդություն են ներկայացրել, որ գործում նշվի՝ Վահե Ավետյանը ստացել է ոչ թե մահվան հասցրած վնասվածքներ, այլ կյանքի հետ անհամատեղելի վասվածքներ: Նրանք միջնորդել են որպես կասկածյալ ներգրավել նաեւ Ռուբեն Հայրապետյանին, որովհետեւ որպես վկա նրա հետ զրույցը քննիչի հետ, ըստ Եգորյանի՝ «կարծեք սուրճի գավաթի շուրջ զրույց է հիշեցնում: Միջնորդություն ենք ներկայացրել 20-ից ավելի, մինչդեռ քննիչ Ռուբեն Մկրտչյանը նույն օրը մերժել է դրանք: Ցանկանում ենք հաստատել, որ պայքարելու ենք բոլոր ապօրինությունների դեմ՝ հանուն արդարության եւ օրենքի գերակայության, միեւնույն ժամանակ պետական մարմիններին սթափության կոչ ենք անում»:
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանը նաեւ նշեց. «Նախաքննության մարմինները ամեն ինչ արեցին գործի հիմնավոր փաստարկները չբացահայտելու, Ռուբեն Հայրապետյանին հովանավորելու համար: Հաշվի չեն առնվել տուժողի իրավահաջորդների բոլոր գործողությունները, այսինքն՝ օբյեկտիվ քննություն չի իրականացվել: ՀՀ իրավապահ մարմինները, այդ թվում ոստիկանությունը, քննչական մարմիննները եւ գլխավոր դատախազությունը, իրենց գիտակցված եւ չգիտակցված անգործությամբ, իրենց դուրս են դրել Սահմանադրությունից եւ հանդես են գալիս որպես ոչ իրավական կառույցներ»:
«Վահե Ավետյան հասարակական շարժման» նախաձեռնողներից մեկի՝ Գարեգին Չուգասզյանի խոսքերով՝ «Մեր աչքի առաջ, փոխանակ ականատես լինեինք հանցագործության բացահայտմանը, ականատես ենք լինում երկրորդ հանցագործության կատարմանը: Դա սկսվեց տուժող կողմի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորմամբ, երբ իրավահաջորդ ճանաչվեց Վահե Ավետյանի հայրը ՝ դեռ քառասունքի մեջ, շարունակվեց դատաբժշկական կեղծ եւ ապակողմնորոշող եզրակացությամբ եւ ավարտելով տուժող կողմի փաստաբաններին խանգարելով: Մենք տեսնում ենք, որ սա բացահայտ ցինիզմով իրականացվող հանցագործություն է: Սա ցույց է տալիս մեր հասարակության մեջ արդարության ճգնաժամի խորությունը եւ դրա անհամատեղելիությունը պետության հիմնարար ազատությունների ու իրավունքների նկատմամբ»:
ԱԺ նախկին պատգամավոր եւ նույն խմբի անդամ Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ «Պետության կարեւորագույն գործառույթներից մեկը մեր աչքի առաջ դիտավորությամբ չի կատարվում, խոսքը չի գնում անգրագիտության մասին: Այն օգնությունը, որը պետք է հասնի դատապաշտպաննների կողմից, հստակեցված է, իրականում արվում է խիստ հակառակը, մենք գտնում ենք, որ Հայաստանում չկա այն վստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ, որը իշխանությունների լեգիտիմության հիմքն է»: Լարիսա Ալավերդյանը կոչ արեց մարդկային խիզախություն ունեցող մարդկանց ջատագով լինել հանրային արդարության տրիբունայի ստեղծմանը:
Նախաձեռնող խմբի անդամները հարցին, թե ինչո՞ւ եք ուզում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես վկա, չէ՞ որ նա ներկա չի եղել միջադեպին՝ պատասխանեցին, որ պարտադիր չի, որ նա ներկա լինի, նրա աշխատողները առանց իրենց տիրոջ իմացության նման սադիստական հանցագործություն չէին կարող անել:
«Այս սադիստներին հանդուրժելը նշանակում է քրեական կարգեր սահմանել»,-ասաց Լարիսա Ալավերդյանը՝ ավելացնելով, որ մինչեւ մարդասպանները ազատության մեջ են, դա նույն մարդիկ են, որոնք Մարտի 1-ին սպանություն են արել: Չէ՞ որ Մարտի մեկի հանցագործները ազատության մեջ են մնացել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ