Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Գալուստ Սահակյանը շատ ճիշտ է ասել, նույնն էլ ես եմ ասել»

Օգոստոս 27,2012 11:55

«Որևէ հանրապետական թեկնածուի հետ կապված որեւէ խոսք դուք մեզանից չեք լսի: ԲՀԿ-ն ՀՀԿ-ին սատարել չի կարող»,- օրերս ասուլիսում ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի արտահայտած այս խոսքերը տարբեր մեկնաբանությունների առիթ են դարձել:

Այս օրերին ՀՀԿ-ականները, Ուրիխանյանին ի պատասխան` պարզաբանումներ են տալիս տարբեր ԶԼՄ-ների ու հայտնում, որ իրենք էլ ԲՀԿ թեկնածուներին չեն սատարում: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը 1-in.am-ին ասել էր, որ Սամվել Բալասանյանին իրենք ընկալում են ոչ թե որպես ԲՀԿ թեկնածու, այլ կարծում են, որ նա լուրջ եւ արժանի թեկնածու է Գյումրիի համար:

Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը պարոն Ուրիխանյանին խնդրեց մեկնաբանել, թե եղե՞լ է քաղաքական որոշում ՀՀԿ թեկնածուներին ՏԻՄ ընտրություններում չսատարելու: Նա պատասխանեց. «Եկեք հասկանանք իրավիճակը: Այս 3 օր է` բոլորը հայտարարություն-հայտարարություն են ասում, իրենք իրենց հնարում ու իրենք իրենց մեկնաբանում: Լրագրողները պետք է հստակություն պահպանեն: Ասուլիսում հարց են տվել եւ հարցին պատասխան է տրվել, ի՞նչ հայտարարության մասին է խոսքը: Ընդ որում թեկնածուների մասին խոսք չի եղել, հարցրել են` հնարավո՞ր է ՀՀԿ-ին սատարեք, ես էլ պատասխանել եմ»:

Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի մեկնաբանությանը` Տիգրան Ուրիխանյանի դիտարկմամբ`«Գալուստ Սահակյանը շատ ճիշտ է ասել, նույնն էլ ես եմ ասել` ՏԻՄ ընտություններում սեւով սպիտակի վրա արտահայտիչ մի միտք է գնում եւ մեր արտահայտված մոտեցումներում կարմիր թելի պես մի պարզ ճշմարտություն է գնում` ՏԻՄ ընտրություններում առաջնորդվել հարկավոր է անհատների գործոնով, որովհետեւ դրանք քաղաքական ընտրություններ չեն եւ պետք են մարդիկ, անհատներ, որոնք ապահովելու են արդյունավետ լուծումներ` տարբեր տեսակի խնդիրներին»:

Մենք ճշտեցինք` առաջնորդվելով այդ սկզբունքով` ԲՀԿ-ն էլ հնարավոր չէ՞ սատարի որեւէ անձի, թեկուզ ՀՀԿ-ական, որը կգտնեք, որ արժանի կլինի տվյալ համայնքի համար: Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Խնդրում եմ ի լուր բոլորի հայտարարեք` լրագրողի կողմից այդ հարցը հնչել է եւ կա այդ հարցի հստակ պատասխան, ես այդ հարցի շուրջ էլ չէի ուզենա խոսել: Ես արդեն պատասխանել եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031