Սանկտ-Պետերբուրգում ավարտվեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարի կայծակնային մրցապայքարը: Հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 11 հնարավորից վաստակելով 9,0 միավոր՝ նույնքան, որքան Ռուսաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Եվգենի Ալեքսեեւը, լրացուցիչ գործակիցներով հաղթողի կոչումը զիջեց նրան: Լավագույն տասնյակում տեղ զբաղեցրեց նաեւ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որը 8,0 միավորով պայքարն ավարտեց յոթերորդ հորիզոնականում: Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն ու միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը 7,0-ական միավորով տեղ զբաղեցրին երրորդ տասնյակում:
Վերոնշյալ հայ շախմատիստները այժմ մասնակցում են Բոտվիննիկի հուշամրցաշարի դասական շախմատի պայքարին: Խաղացվել է երկու տուր: 35 հոգի վաստակել է 2,0-ական միավոր, իսկ Ռոբերտը, Զավենը, Ավետիքը եւ Վահեն իրենց անվան դիմաց գրանցել են մեկական հաղթանակ եւ ոչ-ոքի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ