Վանաձորի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Կարեն Թումանյանի նախընտրական քարոզարշավը օրեցօր առավել մեծ թվով կողմնակիցներ ու համախոհներ է գրավում: Դրան հակառակ, որոշ ուժեր ամեն կերպ խոչընդոտում են հանդիպումները, խանգարում Վանաձորում մեծ վստահություն վայելող թեկնածուի քարոզարշավի իրականացմանը:
Այսպես, օգոստոսի լույս 26-ի գիշերը Վանաձորի Տիգրան Մեծ – Մյասնիկյան խաչմերուկում պատռվել, ոչնչացվել են Կարեն Թումանյանի նախընտրական պաստառները: Իսկ օգոստոսի 26-ին, ժամը 15.00-ին Դեմիրճյան թիվ 21 շենքի բակում ակնհայտ անսթափ վիճակում գտնվող մի անձնավորություն սպիտակ գույնի 30-390 պետհամարանիշի Նիվա ավտոմեքենայով ահաբեկել է հանդիպման մասնակիցներին, վիրավորանք հասցրել հանդիպումը նկարահանող օպերատորին, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցույց տվել մի խումբ վանաձորցիների ու դիմել փախուստի:
Կարեն Թումանյանի նախընտրական շտաբը վճռական է տրամադրված՝ կանխելու նմանօրինակ քայլերը եւ մեծ ժողովրդականություն վայելող թեկնածուի կողմնակիցների անունից խստորեն դատապարտում է այդ միջադեպը:
Կարդացեք նաև
Նախընտրական շտաբը քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանի համախոհների անունից կոչ է անում իրավապահ մարմիններին ստույգ տվյալների, ակնհայտ փաստերի եւ թարմ հետքերի հիման վրա հայտնաբերել միջադեպի կազմակերպիչներին, պատվիրատուին եւ կատարողներին:
Հատուկ կոչ ենք անում Վանաձորում գործող բոլոր լրատվամիջոցներին, որ բնականոն շարունակեն իրենց գործունեությունը եւ չենթարկվեն որոշ ստահակների հրահրած միջադեպերին:
Վանաձորի քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանի նախընտրական շտաբ