Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Աթաջանյանը ընտրողներին կոչ է արել ձայն տալ նրան, ում հարմար են գտնում

Օգոստոս 26,2012 16:48

Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու եւ նախկին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանը նույնիսկ օգոստոսի 24-ին ինքնաբացարկի դիմում ներկայացնելուց հետո, հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս, կապանցի ընտրողներին կոչ չի արել ու չի ուղորդել, թե քաղաքապետի 2 թեկնածուներից որ մեկին ձայն տալ:

Նշենք, որ ներկայումս քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են ՀՅԴ անդամ, գործող քաղաքապետ Արտուր Աթայանը եւ ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանը: Կապանում շրջանառվող լուրերի համաձայն` քաղաքում մեծ համբավ ունեցող, շատ-շատերի կողմից սիրված ու ընդունված նախկին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանը ինքնաբացարկից հետո պետք է ծանր կշիռ ունեցող ուժերի ուղղորդմամբ կոչ աներ քվեարկել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին եւ սատարեր հանրապետական թեկնածուին: Սակայն Գագիկ Աթաջանյանը հեռուստատեսությամբ ընտրողների լսարանի առաջ ունեցած իր ելույթում ոչ միայն կոչ չի արել ընտրել ՀՀԿ թեկնածուին, ում աջակցում են ԶՊՄԿ տնօրենն ու Սյունիքի մարզպետը, այլեւ զերծ է մնացել թեկնածուների անունները հրապարակելուց ու կոչ արել կապանցիներին՝ քվեարկել այն թեկնածուի օգտին, ում հարմար են գտնում:

Նա նաեւ անդրադարձել է ընտրապայքարից իր դուրս գալու պատճառներին: «Սիրելի’ կապանցիներ, ես շատ եմ ափսոսում, որ չկարողացա ընտրարշավին մինչեւ վերջ մասնակցել, կտրուկ առողջական վիճակս վատացավ, ոտքիս հետ կապված առողջական խնդիրներ առաջացան, պատճառը դա է, որ չեմ մասնակցում հետագա ընտրապայքարին, բայց կապ չունի, ես միշտ ձեզ հետ եմ եղել, ձեզ հետ կամ եւ միշտ ձեզ հետ եմ լինելու: Ես իմ Կապանը եւ մեր Կապանի ժողովրդին շատ եմ հարգում ու սիրում, նորից եմ ասում, շատ եմ ափսոսում, որ չկարողացա մինչեւ վերջ մասնակցել ընտրարշավին, ինձ կներեք: Դուք էլ ում հարմար եք գտնում ձեր ձայնը տվեք իրեն, ով ձեզ համար կարող է ավելի լավ քաղաքապետ լինել` գնացեք ձեր ձայնը տվեք իրեն», – ասել է Գ. Աթաջանյանը, ով 1996-2002թթ. Կապանի քաղաքապետն է եղել, իսկ այժմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում որպես գլխավոր մասնագետ է աշխատում:

Գագիկ Աթաջանյանը գործող քաղաքապետ Արտուր Աթայանի կողմից, իր ղեկավարման տարիներին, ավագանու որոշմամբ արժանացել է Կապանի պատվավոր քաղաքացու կոչման:

Մեր ունեցած տեղեկություններով` ներկայումս էլ նախկին եւ գործող քաղաքապետերը լավ հարաբերություններ ունեն իրար հետ:

ՏԻՄ ընտրություններին 15 օրից էլ քիչ ժամանակ է մնացել, իսկ Կապանում գնալով ավելի է սրանում ու լարվում քաղաքական իրավիճակը, որից ելնելով մարզկենտրոնում չեն բացառվում նոր զարգացումներ, հատկապես վերջին օրերին լայն թափով շրջանառվում է կապանցի ընտրողների կողմից ՀՀ նախագահին դիմելու քայլը, որպեսզի կապանցի ընտրողներին ուղղված ճնշումներին վերջ տրվեն, ընտրություններին ազատ մասնակցելու համար խոչընդոտներ չստեղծվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031