Պրահայում ավարտվեց շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնությունը:
Մինչեւ 12 տարեկան պատանիների պայքարում Հայկ Մարտիրոսյանը, ինը հնարավորից կորցնելով ընդամենը կես միավոր, գերազանց արդյունքով միանձնյա նվաճեց չեմպիոնի կոչումը: Հայաստանի 24 ներկայացուցիչներից Մանուել Պետրոսյանը (14 տարեկաններ) եւ միջազգային վարպետ Հովհաննես Գաբուզյանը (18 տարեկաններ) իրենց անվան դիմաց գրանցեցին 7,0-ական միավոր եւ իրենց տարիքային խմբերում ճանաչվեցին արծաթե մեդալակիրներ:
Լավ հանդես եկավ նաեւ 16-ամյա Տիգրան Կ. Հարությունյանը: Նա եւս երեք շախմատիստների հետ միասին վաստակեց 7,0 միավոր եւ բաժանելով 2-6-րդ տեղերը՝ միայն լրացուցիչ գործակիցներով ի վերջո հանգրվանեց չորրորդ հորիզոնականում:
Ցավոք, մեր աղջիկներն անմասն մնացին մրցանակներից: Բայց նրանց փոխարեն 12 տարեկանների խմբում Նիդերլանդները ներկայացնող Աննա-Մայա Ղազարյանն արժանացավ արծաթե մեդալի: Նա 7,5 միավորով հավասար արդյունք է ցույց տվել հաղթողի կոչումը նվաճած հույն Անաստասիա Ավրամիդուի հետ եւ նույնպես միայն լրացուցիչ գործակիցներով է առաջին հորիզոնականը զիջել նրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ