«Վանոն գրպանից հանում էր 10 հազար դոլարը, ասում էր առ գնա, Տիգրան Մանսուրյան, գնա էս քո հարցը լուծի»,- Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը մի քանի օր առաջ հրավիրած ասուլիսում խոսելով Վանո Սիրադեղյանի մասին ու ներկայացնելով, թե մութ ու ցուրտ տարիներին ինչ ճոխության մեջ է ապրել նա, այսպիսի արտահայտություն արեց, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Արամ Սարգսյանը պարզաբանեց, որ ինքը օրինակի համար է ասել Տիգրան Մանսուրյանի անունը. «Տիգրան Մանսուրյանն այն մարդը չէր, որ նրանից՝ Վանո Սիրադեղյանից ինչ-որ գումար վերցներ, դա է ամբողջ խնդիրը: Ոմանք այլ կերպ են դա մեկնաբանել, մինչդեռ իրականում ես կարծում եմ, որ Տիգրան Մանսուրյանն այդ մարդը չէր: Ընդամենը ես գտնում եմ, որ որեւէ մեկը չպետք է կասկածի, որ այդպիսի խնդիր չի եղել: Սա զուտ օրինակի համար ասացի, ուրիշ ոչինչ, թե չէ Տիգրան Մանսուրյանը դրա հետ կապ չունի: Շահարկում են, որ իբր Տիգրան Մանսուրյանը օգտվել է այդպիսի բաներից, նրանից գումար է վերցրել, որը չի եղել եւ չէր էլ կարող լինել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ