82 տարեկան հասակում վախճանվել է լուսնի վրա առաջինը ոտք դրած, ամերիկացի լուսնագնաց Նեյլ Արմստրոնգը։ Նա այս ամսվա սկզբին էր ենթարկվել սրտի փոքր վիրահատության, որից հետո սկսվել էին առողջական ավելի մեծ բարդություններ։
Նրա հրամանատարությամբ ՝՝Ապոլոն 11՛՛ տիեզերանավը լուսնի վրա վայրէջք էր կատարել 1969 թվականի հուլիսի 2Օ-ին։ Լուսնի վրա նրա արտասանած ՝՝մարդու կողմից մեկ քայլ, մարդկության կողմից հսկայական մի թռիչք՛՛ արտահայտությունը դարձել է թեւավոր խոսք ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաեւ աշխարհի շատ ու շատ ժողովուրդների համար։
Այդ օրերին ամբողջ աշխարհն էր հետեւում այդ մեծ ՝՝թռիչքին՛՛, որի ընթացքում լուսնի վրա երկրորդը ոտք դրած աստղագնաց Էդվին Բազ Օլդրինի հետ միասին նա քայլել է մի քանի ժամ։
Լուսնի վրա ամերիկացիների հայտնվելու փաստը դարձել էր նաեւ հաղթական մի մեծ քայլ 1957 թվականին սկսված Սառը պատերազմում։
Արմստրոնգն իր կյանքի վերջին տարիներին իրեն հեռու էր պահում հասարակական շփումներից, եւ միայն ելույթ է ունեցել երկրագնդի ուղեծրում առաջինը պտույտ կատարած, ԱՄՆ-ի նախկին սենատոր Ջոն Գլենի պատվին։
Արմստրոնգն իր կյանքի ընթացքում հրաժարվել է մեծարվելու պատվից ու նախընտրել համեստությունը։ ՝՝Ես պարզապես հպարտանում եմ մասնագիտական իմ ձեռքբերումներով եւ շարունակում մնալ որպես համեստ ճարտարագետ՛՛, ասել էր նա 2ՕՕՕ թվականին։
Լոս Անջելեսի Գրիֆիթի աստղադիտարանում շաբաթ օրն անց է կացվել առաջին լուսնագնացի պատվին հիշատակի համեստ առաջին արարողությունը։
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան