ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Panorama.am գործակալության հարցին
Հարց. Պարոն Քոչարյան, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները անցկացվեն Ստամբուլում Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Պատասխան. Եթե Թուրքիայի արտաքին գործերի նախարարը իրապես ցանկանում է նպաստել հակամարտության կարգավորմանը, ապա Թուրքիան չպետք է փորձի խեղաթյուրել ղարաբաղյան խնդրի էությունը, այն է` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը, որին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները դիմեցին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ էթնիկ զտումների քաղաքականության և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիայի իրականացման: Խնդրի կարգավորման համար արդյունավետ կլիներ, եթե Թուրքիան կարողանար դրդել Ադրբեջանին բանակցել հակամարտության իրական կողմի` Լեռնային Ղարաբաղի հետ: Թուրքիան առնվազն պետք է չշարունակի սատարել Ադրբեջանի «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշումը և բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու փորձերը, որոնք ուղղված են միջնորդների ջանքերը տապալելուն:
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն