Օգոստոսի 24-ին ավարտվել է Արագածոտնի մարզում սեպտեմբերի 23-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների գրանցումը կիրականացվի օգոստոսի 24-ից 29-ը:
ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի մարզի 114 համայնքներից 99-ում: Այդ թվում երկու քաղաքային համայնքներում` Աշտարակում և Ապարանում, նախատեսված են քաղաքապետերի ընտրություններ:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Աշտարակում առաջադրված է քաղաքապետի 5 թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է անկուսակցական, «Մետեքսիմ» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Անտոնյանը և ինքնաառաջադրվել են քաղաքապետի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռոբերտ Հակոբյանը, ՀՀԿ անդամներ Ռուշան Մկրտչյանն ու Գագիկ Շահազիզյանը, անկուսակցական, մենատնտես Ռազմիկ Տերտերյանը:
Ապարանում առաջադրված է երկու թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Գոռ Աբրահամյանը, ինքաառաջադրվել է ԱԺՄ անդամ, Ապարանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աշոտ Դավթյանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվում են 4 տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, իսկ ավագանու անդամ` 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսը հաշվառված, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:
«Փաստինֆո»