Թեև ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածը սահմանում է, որ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրները ընտանիքը, մայրությունը և մանկությունը պաշտպանելն ու հովանավորելն է, սակայն Հայաստանում այսօր ունենք մայրական մահացության հետևյալ պատկերը.
2008 թ. Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 15 դեպք, 2009-ին` 13, 2010-ին` 4, 2011-ին՝ 3, 2012-ի 7 ամիսներին՝ 4 դեպք: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցմանն ի պատասխան տեղեկացրին Առողջապահության նախարարությունից:
Տարիներ առաջ ինչպես բոլոր զարգացող երկրներում, Հայաստանում ևս մայրական մահացության հիմնական պատճառները եղել են մանկաբարձական արնահոսությունները, հղիության հիպերտենզիվ խանգարումները, հետծննդյան թարախասեպտիկ բարդությունները, աբորտները։
Մեր ձեռքի տակ եղած տվյալներով՝ վերջին 5 տարում արձանագրված մայրական մահվան կաոուցվածքում հաճախացել են հղիության և ծննդաբերության հետ անմիջականորեն չկապված պատճառները, այդ թվում՝ էքստրագենիտալ ախտաբանությունները, անզգայացման բարդությունները, արյան մակարդման խանգարումները, էմբոլիզմ /պտղաջրերով կամ թրոմբոէմբոլիա/, որոնք դարձել են մայրական մահվան հիմնական պատճառները և հաճախականությամբ գերազանցում են նախորդ տարիների հղիության հիպերտենզիվ խանգարումներին, թարախասեպտիկ բարդություններին, անգամ արնահոսություններին։
2008–2012թթ. հղիության, ծննդաբերության և հետծննդյան բարդություններից Հայաստանում մահացած 40 կանանցից 5-ը (12,5%) մահացել են տնային պայմաններում։ Արտահիվանդանոցային մահվան այս դեպքերը հիմնականում պայմանավորված են հղիության փոքր ժամկետներում կամ հետծննդյան շրջանում էքստրագենիտալ ախտաբանություններով կամ անկանխատեսելի պատճառներով (ինսուլտ, ինֆարկտ, թրոմբոէմբոլիա)։
Հղիության փոքր ժամկետների դեպքում էքստրագենիտալ ախտաբանություններից մահացած կանանց պարագայում հղիությունները եղել են մինչև 6-7 շաբաթական, այդ կանայք անգամ հաշվառված չեն եղել կանանց կոնսուլտացիաներում, իսկ հղիությունը հայտնաբերվել է դիահերձման պայմաններում։
Այս հիրավի ծանր իրավիճակում միակ մխիթարությունն այն է, որ մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշների վերլուծությամբ Հայաստանում վերջին 5 տարիներն մայրական մահացության մակարդակը նվազման միտում ունի: Իսկ թե ե՞րբ այդ մակարդակը կհավասարվի զրոյի, պատասխանը թողնում ենք պատկան մարմիններին:
«Փաստինֆո»