Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը կքննի դատախազի, նրա որդու և լրագրողի գործը

Օգոստոս 25,2012 14:39

Լրագրող Ռուբեն Գրձելյանը ե'ւ մեղադրյալ է ե'ւ տուժող

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, օգոստոսի 27-ին կսկսվի լրագրող Ռուբեն Գրձելյանի դեմ գործի քննությունը: Ըստ մեղադրանքի, նա 2012թ. մայիսի 12-ին Երևանի Տ. Մեծի փողոց 36-րդ շենքի բակում վիճաբանել և դիտավորությամբ ձեռքով հարվածել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ստացել է առողջությունը կարճատև քայքայող մարմնական վնասվածք:

Իսկ վերջինիս որդուն՝ Ալբերտ Մանրիկյանին, մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա նույն օրը նույն տեղում դիտավորությամբ ձեռքով հարվածել է հոր` Մեսրոպ Մանրիկյանի հետ վիճաբանության մեջ մտած Ռուբեն Գրձելյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ստացել է առողջությունը կարճատև քայքայող մարմնական վնասվածք:

Ըստ գործի տվյալների՝ մայիսի 12–ին ժամը 23–ի սահմաններում, Մ. Մանրիկյանը, գտնվելով Երևանի Տիգրան Մեծ փողոցի 36 շենքի բակում տեղադրված, իրեն պատկանող ավտոտնակի մոտ, նկատել է, որ երկու մանկահասակ երեխաներ բակում վազել են դեպի որդու` Ալբերտ Մանրիկյանի վարած ավտոմեքենայի ուղղությամբ, և վերջինիս դժվարությամբ հաջողվել է խուսափել վրաերթից: «Տեսնելով դա, Մ. Մանրիկյանը երեխաների ծնողներին հասցեագրված վրդովմունք է հայտնել` ուշ ժամին բակում նրանց առանց հսկողության թողնելու համար: Նրան հակադարձել է երեխաների հայրը` Ռուբեն Գրձելյանը, ում Մ. Մանրիկյանը նկատած չի եղել»: Այդ կապակցությամբ վերջիններիս միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Ռ. Գրձելյանը առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքով հարվածել է Մ. Մանրիկյանի դեմքին` պատճառելով առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Այդ պահին նրանց է մոտեցել Մ. Մանրիկյանի որդին` Ալբերտ Մանրիկյանը, որն իր հերթին սկզբում հրել, ապա ձեռքով հարվածել է Ռ. Գրձելյանի դեմքին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:

Գործը սկզբնապես ընդունվել էր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Գրիգորյանի վարույթ, սակայն վերջինիս օգոստոսի 1-ի որոշմամբ ըստ ընդդատության ուղարկվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, քանի որ վիճաբանության վայրը՝ Տիգրան Մեծ փողոցի 36 շենքի տարածքը, ներառված է ոչ թե Էրեբունի, այլ Կենտրոն վարչական շրջանի տարածքի մեջ:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031