1990թ.-ի օգոստոսի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը ընդունեց «Հռչակագիր անկախության գործընթաց սկսելու մասին»: ԳԽ-ում Անկախության հռչակագիրը հնչեց ՀՀՇ երիտասարդ պատգամավոր Արամ Մանուկյանի շուրթերից։ Թե ի՞նչ արժանիքներ ուներ հանրությանն անծանոթ այս անձը, որ նման աննախադեպ բարձր պատվին արժանացավ՝ տարօրինակ էր ու անարդար։
Ես շատ կուզենայի, որ Հայաստանն Անկախ պետություն հռչակվելու ավետիսը, հանուն՝ Անկախ Հայաստանի, շուրջ 20 տարի սովետական բանտերում ու աքսորավայրերում անցկացրած Պարույր Հայրիկյանի շուրթերից լսեի։
Արդար կլիներ, որ Անկախության հռչակագիրը Հայաստանի Անկախության համար պայքարած ու 12 տարի սիբիրյան տաժանակիր վայրերում բանտարկված Աշոտ Նավասարդյանը կամ Ազատ Արշակյանը բարձրաձայնեին…
Մի կողմ դնենք, թե հիմա մեզանից ով ինչ կարծիք ունի անկախական այս գործիչների մասին, բայց այս գործիչներն իրենց կյանքի տարիների մեծ մասն էին զոհաբերել հանուն Անկախ Հայաստանի. սա արդեն մեծ արժանիք է։
Իսկ ԳԽ նախագահ Տեր-Պետրոսյանը չհասկացավ, չկարեւորեց, որ այն պետք է հնչեցներ հոգով ու սրտով ԻՍԿԱԿԱՆ ԱՆԿԱԽԱԿԱՆԸ (երեւի չէր էլ կարող կարեւորել ու հասկանալ, որովհետեւ ինքը անկախական չէր, որովհետեւ այդ օրվանից ընդամենը մի քանի ամիս առաջ ինքը ՀԱԿԱանկախական էր)։ Ու գերադասեց, որ Հայաստանի անկախացման Հռչակագիրը իր կուսակցության «Ճ» կարգի, հասարակությանն անհայտ մի ջահել հնչեցնի՝ միայն նրա համար, որ այս մարդու անունն ու ազգանունը համընկնում էին Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի անվան ու ազգանվան հետ։
ՀՀՇ-ականների անկախական չլինելու հանգամանքը էական ազդեցություն է ունեցել անկախ Հայաստանի առաջին քայլերի եւ զարգացման վրա: Քանի որ այդ մարդկանց համար Անկախությունն արժեք չէր, ապա օրինաչափ էին նրանց մանր ու մեծ հիմարություններն ու սխալները: Նրանք անում էին մի բան, որին չէին հավատում, ոմանք նույնիսկ տարրական պատկերացում չունեին անկախ պետության, քաղաքական նպատակի մասին:
Հայտնի բան է. անհավատների ձեռքով կառուցված եկեղեցում Աստված չի բնակվում: Մարդիկ փնտրում ու չեն գտնում Նրան: Ապա ինչո՞ւ են 100-ներով ինքնասպան լինում, 1000-ներով լքում հայրենիքն ու կորում: Հայերիս վրա կախված տարաբախտության ու անեծքի պատճառը, միգուցե այն է, որ մեր պետության հիմքերը հակաանկախականների ձեռքով դրվեց:
Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ