Քանի դեռ մեր երկրում աղքատի, ազատամարտիկի հաշվին պետպատվերով վիրահատվում կամ բուժօգնություն է ստանում ԱԺ պատգամավորը, նախարարը կամ պետական որեւէ չինովնիկ, ՀՀ կառավարության՝ առողջապահական ոլորտին առնչվող ծրագրերն անիրատեսական են
«Սրտի անհետաձգելի վիրահատությունը՝ ցանկացած քաղաքացու համար, երաշխավորելու է պետությունը»,- ՀՀ նոր կառավարությունն, ընդամենը մի քանի ամիս առաջ հրապարակած իր նոր ծրագրում այսպիսի խոստում էր տվել:
Հուլիս ամսին Էրեբունի համայնքի բնակիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Իշխան Սարգսյանը, հավատալով կառավարության խոստումներին, դիմել է նոր կառավարության առողջապահության նոր նախարար Դերենիկ Դումանյանին՝ պետական պատվերի շրջանակներում, այսինքն՝ անվճար սրտի վիրահատություն անցնելու խնդրանքով: Ազատամարտիկը սիրտը վիրահատելու էր 3-րդ անգամ: Մարտերի ժամանակ՝ 1992 թվականին, Իշխան Սարգսյանը ձեռքից վիրավորվել է, «կոնտուզիա» է ստացել, հետագայում էլ նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել: Որպես պատերազմի հերոս, ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարի կողմից ազատամարտիկը պարգեւատրվել է պատվոգրերով, հուշամեդալներով: Սոցիալապես անապահով ազատամարտիկի սրտի առաջին երկու վիրահատությունները պաշտպանության նախարարության աջակցությամբ են կտարվել: Առաջին անգամ նախարարությունը փոխանցել է վիրահատության ամբողջ գումարը, երկրորդ անգամ՝ ուղիղ կեսը, ինչն, Իշխան Սարգսյանի համար մեծ օգնություն է եղել: Ճիշտ է ազատամարտիկի վիճակը փոքր-ինչ բարելավվել է, սակայն երրորդ վիրահատության անհրաժեշտություն էլ է առաջացել: Օրերս առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Մարտիրոսյանը ազատամարտիկի դիմումին ի պատասխան հայտնել է, որ «Սրտային վիրաբուժությունն ընդգրկված է ՀՀ առողջապահության նախարարի 31. 01.12.թ. թիվ 142-Ա հրամանով հաստատված «Նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչով սահմանված ցանկում» եւ բնակչության բոլոր խմբերի համար կատարվում է վճարովի հիմունքներով…»:
Տ. Մարտիրոսյանն իր պատասխանում նշել է, որ բացառություններ արվում են միայն անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամների համար: Իշխան Սարգսյանը, չնայած իր սոցիալական վատ վիճակին, նպաստառուների ցանկում ընդգրկված չէ: «Բնակարան չունեմ, բնակվում եմ վարձով, սոցիալական վիճակիս մասին էլ չեմ խոսում: Մեր արյան գնով, մեր պայքարով այսօր իրենք նստել են աթոռներին ու մեզ զրկում են ամեն ինչից: Քանի դեռ պատերազմ չկա, ոչ ոքի պետք չենք: Ես համոզված եմ, որ իմ դիմումը նախարարին սկի չի էլ հասել, չեն էլ քննարկել 2-3 օրում պատասխան նկարեցին ու տվեցին»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Իշխան Սարգսյանը:
Նկատենք, որ եթե նույնիսկ օրենքով այս քաղաքացուն պետպատվեր չի էլ հասնում, ապա նման դեպքերի համար՝ հաշվի առնելով նրա սոցիալական վիճակը, հայրենիքին մատուցած ծառայությունը, առողջապահության նախարարությունն ունի քաղաքացուն ընդառաջելու տարբերակներ. որեւէ սոցիալական խմբում չգտնվող քաղաքացու հարցը նիստի է դրվում, եւ առողջապահության նախարարի հայեցողությամբ որոշվում է նրան օգնել՝ կամ ոչ: Սակայն Իշխան Սարգսյանի պարագայում դա էլ չի արվել:
Այս քաղաքացու օրինակով կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես են իրականանում կառավարության տված խոստումները: Պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ասվածը նախատեսված է հենց Իշխան Սարգսյանի նման քաղաքացիների համար, մինչդեռ, եթե մեր երկրի որեւէ վերահսկողական մարմին «ուշադրությամբ» ուսումնասիրի պետության հաշվին բուժօգնություն ստացած քաղաքացիների ցանկը, կպարզի, որ մի շարք պետական պաշտոնյաներ, պատգամավորներ, որոնք քիչ թե շատ նորմալ աշխատավարձ են ստանում եւ ունեն թաքնված տասնյակ բիզնեսներ, ձեւակերպվել են որպես ամենավերջին աղքատ ու անվճար վիրահատվել կամ բուժօգնություն են ստացել:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ