Ներկայումս ընդդիմադիր դաշտում քննարկվում է նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու հարցը: Այդ առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը միասնական թեկնածու ունենալու հետ կապված ներկայացեց իր մոտեցումները. «Եթե ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես գա, իհարկե, շատ ավելի շահեկան կլինի: Սա` որպես ընդհանուր մոտեցում: Բայց նաեւ, նկատի ունենալով, թե այսօր ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, հատկապես, թե ինչ կատարվեց Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եւ հետո, դժվար եմ պատկերացնում, որ ամբողջ ընդդիմությունը կարող է համախմբվել մեկ միասնական թեկնածույի շուրջ: Հաշվի առնելով եղած քաղաքական իրողությունները, ընդդիմությունը այս պահին պետք է ամբողջ ընդդիմադիր էլեկտորատը իր ձեռքում պահելու խնդիր դնի: Սա այս պահին, թերեւս, առավել կարեւոր հարցն է: Եթե ընդդիմադիր էլեկտորատը պահելու համար անհրաժեշտ է մի քանի թեկնածու, ուրեմն պետք է գնալ այդ քայլին, որովհետեւ գաղտնիք չէ, որ այս պայմաններում կարող է ստացվել այնպես, որ արհեստական միավորման դեպքում 1+1-ը երբեք էլ երկուս չդառնա, նույնիսկ 1-ից էլ փոքրանա: Ընդդիմությունը, ընդհակառակը, կարծում եմ, պետք է հաշվի առնի ընդդիմադիր դաշտում առկա իրողությունները եւ խնդիր դնի ոչ այնքան միասնական թեկնածու ունենալու, ինչքան ընդդիմադիր զանգվածն ընդդիմադիր դաշտում պահելու հարցը: Այլապես կարող է լինել այնպես, ինչպես եղավ ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ ընդդիմադիր էլեկտորատի որոշ տոկոսներ հենց ընդդիմության օժանդակությամբ գնացին իշխանական դաշտ: Եթե ընդդիմությանը հաջողվի նախագահական ընտրությունների ժամանակ իր զանգվածը պահել իր դաշտում, դա կարող է հետաքրքիր զարգացումների բերել հետագայում»:
Մեր հարցին` այսօր մենք ունե՞նք հավաքական կերպար, իսկապես հաղթող թեկնածու, որի անունը կարող ենք տալ` ներկուսակցական ամբիցիաներից դուրս, մարդ, որը կարող է լուրջ մրցակից լինել իշխանական թեկնածույին` պարոն Հակոբյանը պատասխանեց. «Ես այդպես չէի դնի հարցը: Իրականություն այն է, որ գրեթե բոլորը գեղեցիկ ձեւակերպումներով խոսում են միասնական թեկնածուի մասին, բայց յուրաքանչյուրն իր թեկնածույին նկատի ունի այդ միասնականի տակ, որի անունը չի հայտարարվում: Մենք հայտարարում ենք, որ «Ժառանգությունն» իր կողմից որպես միասնական թեկնածու առաջարկում է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Ճիշտ եւ ազնիվ կլինի, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ քաղաքացիական նախաձեռնություն, ով բարձրաձայնում է միասնական թեկնածու ունենալու մասին, նաեւ հայտարարի, թե իրենք ում են տեսնում այդ միասնական թեկնածուի դերում: Թերեւս այս դեպքում կունենանք ընդդիմության թեկնածունների այն ցուցակը (ենթադրում եմ` իրենց նախընտրական ծրագրերով), որից, նաեւ ընդդիմադիր էլեկտորատի օգնությամբ, կճշտվի միասնական թեկնածուն: Չնայած, նորից ուզում եմ նշել, որ, ցավոք, ընդդիմադիր դաշտում առկա իրողությունների պայմաններում դժվար է հավատալ, որ ընդդիմությունը կարող է հանդես գալ մեկ միասնական թեկնածուով: Դրանով հանդերձ, «Ժառանգությունը» կփորձի նախագահական ընտրություններում հնարավորինս հանդես գալ համախմբվողի եւ համախմբողի դիրքերից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև