Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց այլընտրանքի

Օգոստոս 25,2012 13:22

«Դուք շատ լավ գիտեք, թե մենք ինչ երկրում ենք ապրում, որտեղ քաղաքապետի ընտրությունների համար պայքարն այսօր ռեալ չէ: Ունենալու ենք այն, ինչ ունեցել ենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ», – երեկ «Առավոտին» ասաց ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Ինչ խոսք, սա ճշգրիտ, սթափ եւ իրատեսական գնահատական է: Բայց  եթե ես այդպիսի բան գրեի, նույն ընդդիմության ներկայացուցիչները կասեին, որ ես մարդկանց մեջ սպանում եմ հույսն ու հավատը, հաշտվողական եւ հարմարվողական տրամադրություններ եմ սերմանում, փոխանակ ոգեկոչեմ ժողովրդին սրբազան պայքարի եւ այլն: Երբ ընդդիմադիր պատգամավորն է ասում, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարը ռեալ չէ, դա, այնուամենայնիվ, որոշակի տարակուսանք առաջացնում է: Որքան ես եմ հասկանում, ընդդիմության առաքելությունը այլընտրանք առաջարկելն է: Օրինակ, Գյումրի քաղաքում, որտեղ, ըստ տեղի իրավապաշտպանների, մոտ 5000 անօթեւան կա, Վարդան Ղուկասյանն այդ հարցը չի լուծել, Սամվել Բալասանյանն էլ չի լուծի: Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի գործը, իմ կարծիքով, հետեւյալն է` գտնել ուղիներ, որպեսզի 3 տարում այդ մարդկանց թիվը պակասի գոնե 1000-ով, եւ առաջարկել այդ ուղիները` ընտրողներին: Դրանից հետո տեղի են ունենում ընտրություններ` ճիշտ այն սցենարով, որոնք նկարագրել է տիկին Սարգսյանը: 3 տարի անց, երբ անօթեւանների թիվը մնում է 5000, ընդդիմությունն ասում է` «տեսա՞ք, որ իշխանությունն այս հարցը չկարողացավ  լուծել»: Եթե այլընտրանք եւ, համապատասխանաբար, այլընտրանքային թեկնածու չի առաջադրվում, նման հարցերը «դատապարտվում են» հավերժ մնալ չլուծվածների շարքում:
«ՀԱԿ-ը մասնակցելու է  եւ համայնքային ղեկավարների, եւ ավագանու անդամների մակարդակով»,-նաեւ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորը: Համենայնդեպս, մինչեւ այս պահը Կոնգրեսը ոչ համայնքի ղեկավարի, ոչ ավագանու «մակարդակով» որեւէ թեկնածու չի առաջադրել: Եվ ոչ միայն Կոնգրեսը, այլեւ «Ժառանգությունը», Կոմկուսը եւ մի շարք այլ քաղաքական ուժեր չեն ցանկանում այս ընտրություններն օգտագործել` իրենց գաղափարներն ու առաջարկները քարոզելու համար: Այդ իմաստով ՏԻՄ ընտրությունները այլըտրանքային չեն լինելու:
Իսկ այն, ինչ պաշտոնապես կոչվում է «այլընտրանք», պարզապես խեղկատակություն է: Ըստ օրենքի, որպես թեկնածու պետք է գրանցվի մեկ հոգուց ավելի: Եվ ահա ճարպիկ գյուղապետներն ու քաղաքապետները ելքը գտել են. որպես «այլընտրանքայի» թեկնածու գրանցում են իրենց բարեկամներին եւ կուսակցական ընկերներին (որոշ միամիտներ կարծում էին, որ ՀՀԿ-ականներն իրար դեմ պիտի պայքարեն), իսկ այնուհետեւ այդ ձեռնասուն «այլընտրանքները» ինքնաբացարկ են հայտնում: Սա այն դեպքն է, երբ օրենքի տառը ձեւականորեն պահպանվում է, սակայն իրականում ոչ մի մրցակցություն էլ չի ծավալվում:
Իհարկե, ոչ բոլոր տեղերում է այդպես` մի քանի համայնքում սպասվում է ՀՀԿ-ԲՀԿ լուրջ «ճակատամարտ»: Բայց ազդեցիկ կլանների մեջ այդ պայքարը «այլընտրանքային» անվանելը խիստ չափազանցություն կլիներ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031