Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյան. «Փողը հիմնականում անճաշակների ձեռքում է»

Օգոստոս 25,2012 13:14

Այսօր ի՞նչ ունենք եւ ի՞նչ չունենք ազգային կինեմատոգրաֆում։ Հաճախ տեղի-անտեղի սկսում ենք խոսել մեր մշակութային ձախողումների մասին՝ քնադատելով մասնավորապես կինոն։ «Առավոտի» զրույցը ճանաչված կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ ոչ թե ստեղծեց պատկերացում, թե հասել ենք համաշխարհային կինոյի բարձունքներին,, այլ օբյեկտիվորեն ցույց տվեց որոնումների, փնտրտուքների ու նաեւ հաստատումների այն ընթացքը, որ վաղուց իրողություն է հայկական կինեմատոգրաֆում։ Ուրեմն, ոչ թե գտնվում ենք դատարկ տեղում, այլ նոր կինոյի մատույցներում ենք, որը կտրված է հայկական կինոյի համար ոսկեդար համարվող 1960-70-ականների կինոյից, բայց սա մե՜ր ժամանակի կինոն է, ժամանակի հրամայականով եւ գեղարվեստական խնդիրներով։ Ուրեմն՝ այդ ժամանակի դիրքերից էլ պիտի մոտենանք ոչ միայն կինոարվեստի, այլեւ մեր մշակույթի խնդիրներին՝ ընդհանրապես։
Խոսելով մերօրյա հայ կինոյի մասին` Էդգար Բաղդասարյանը նշեց, որ ինքը տանել չի կարողանում, երբ հաճախ հնչում է «կինո չունենք» արտահայտությունը եւ օրինակ են բերվում միայն 60-70-ականներին ստեղծված ֆիլմերը.«Հետաքրքիր է, ես ու գործընկերներս ի՞նչ ենք անում…  Ուրիշ հարց է, որ թեկուզ ամեն րոպե հնչեցվի՝ «մենք ճանապարհ չունենք դեպի հանդիսատես» արտահայտությունը։ Ունենք ընդամենը մեկ կինոթատրոն, այս դեպքում ի՞նչ խոսք կարող է լինել կինովարձույթի մասին։ Ի վերջո, այդ միակ կինոդահլիճն էլ իր խնդիրներն ունի»։
Մեր զրուցակիցը հավելեց, որ 60-ականներին այլ պայմաններ էին, մարդը ցանկություն ուներ մոտենալ արվեստին, հիմա ուրիշ մտածողություն է՝ յուրաքանչյուրն իր չափանիշներով է դասավորում սեփական կյանքը։ «Չմոռանանք հայկական կինոյի ոսկեդարի ժամանակահատվածում «ցենզուրայի» գոյության մասին։ Օրինակ՝ Ստալինը երկու «հայտնագործություն» արեց. մեկը խորհրդային բազմազգ ազգերի գրանցումն էր, մյուսը՝ արվեստագետներին կոչումներ շնորհելը։ Առաջինի  դեպքում «կոնտրոլի» տակ էր պահվում ամեն ինչ, իսկ կոչումների դեպքում՝ նպատակն էր արվեստագետին «գնելը» եւ ոչ ցանկալիներին ոչնչացնելը։ Մի խոսքով՝ պետությունից չարժե վերցնել, որովհետեւ այդ դեպքում դու պարտավորված ես զգում քեզ։ Մեր օրերում էլ, օրինակ, կան մի քանի կոչումավոր երգիչներ, որ երբ այս կամ այն իշխանավորը օրվա ո՜ր ժամին ցանկանա, նրանք պետք է գնան ու «ծաղկացնեն» քեֆերի սեղանները»,- ասաց կինոռեժիսորը: Նրա խոսքով, բոլոր ժամանակներում էլ 100 տոկոսանոց նպաստավոր պայմաններ չեն եղել ստեղծագործողների համար. «Ժամանակին Հռոմի պապը ղեկավարել է նույնիսկ Միքելանջելոյին, կարճ ասած, նմանօրինակ դիկտատուրա եղել է ու կա այսօր էլ։ Իհարկե, իդեոլոգիայի դիկտատուրան կարելի է շրջանցել, մինչդեռ դրամինը շա՛տ դժվար է։ Բոլոր ժամանակներում էլ կա ու կլինի հացի խնդիրը, ու եթե դա կա, ապա ինչի՞ մասին ենք խոսում…»։
Ռեպլիկին, թե իր ֆիլմերի համար պետության կողմից ֆինանսական աջակցություն է ստացել ու ստանում, մեր զրուցակիցն ասաց.«Այսօր անավարտ է «Ներում» ֆիլմս,  չնայած պետությունը իր «գործը» կատարել է (նկատի ունի ֆինանսավորումը- Ս. Դ.)։ Կհարցնեք երեւի՝ իսկ չկա՞ն հովանավորներ։ Այս հարցի պատասխանը կարճ է՝ փողը հիմնականում անճաշակների ձեռքում է…Մինչդեռ իրական արվեստը պիտի կպնի սրտիդ, եւ երբ հայկական կինեմատոգրաֆին աջակցությունը կսկսվի երկրի նախագահից, այդ դեպքում միայն ականատեսը կլինենք մեր կինոյի առաջխաղացմանը»։
Ռեժիսորին հիշեցնելով ժամանակին «Հայֆիլմում» տիրող ստեղծագործական եռուզեռի մասին, հարցրինք՝ դա կկրկնվի՞, եւ վերջապես հայրենական կինոարտադրությունում ի՞նչ ունենք եւ ի՞նչ չունենք։ Էդգար Բաղդասարյանը պատասխանեց.«Թեեւ «Հայֆիլմում» այդ տարիներին իրար տակ փորում էին, այդուհանդերձ, իսկապես ստեղծագործական եռուզեռ էր։ Հիմա կարծես ամեն մի կինոռեժիսոր դարձել է մի կինոստուդիա` «Էդգար Բաղդասարյան»կինոստուդիա, «Հարություն Խաչատրյան», «Վիգեն Չալդրանյան» եւ այլն։ Հավատացնում եմ՝ զիլ գործեր էլ կան։ Օրինակ՝ մշտապես հիանում ենք Կաննի քաղաքականացված կինոփառատոնով, սակայն այս տարի այդ հայտնի կինոփառատոնի մրցութային ծրագիրը անհամեմատ թույլ էր,  քան հայրենական «Ոսկե ծիրանինը»։ Կամ՝ անընդհատ հոլովվում է «հոլիվուդյան ֆիլմեր» արտահայտությունը։ Իմ ու համախոհներիս համոզմամբ` մեծ մասամբ նկարվում են ստանդարտ ֆիլմեր՝ սեքսի ու բռնության թեմաներով։ Անկախ մարդու ինտելեկտից՝ ցանկացած ոք կնստի ու կնայի, թե ինչպես է տղամարդը կնոջը աստիճանաբար մերկացնում, չէ՞…»։
Անդրադառնալով տեղական կինոարտադրանքին` արվեստագետն ասաց, որ մեզանում նվազել են պարզ, մարդկային խղճի թեմայով ֆիլմերը, հավաստիացնելով, որ հանդիսատեսը վճարում է կամ հեքիաթային սյուժեով կամ իրական բովանդակությամբ ֆիլմերի համար.«Հայրենական հեռուստաբոսերը ասում են՝ սա համեղ լահմաջո է (նկատի ունի սերիալները-Ս.Դ.), ուրեմն պետք է նստել եւ 24 ժամ «ուտել»։ Ի վերջո, դա զզվեցնում է։ Նրանք չունեն «բարձր խոհանոց»,  այ, կինոյում էլ պետք է լինի «բարձր խոհանոց» ասվածը։ Այս դեֆիցիտի պայմաններում, իհարկե, վտանգավոր են սերիալները։ Դրանք, ի վերջո, հասցնում են բթացման, ինչից դուրս գալը պարզապես անհնար է, ինչքան էլ որ հանդիսատեսը լինի պատրաստված ու դաստիարակված։ Սա նման է սեքս ու բռնություն պրոպագանդող հոլիվուդյան ստանդարտին»։
Մեզ հասած այն հավաստի տեղեկությունը, թե Էդգար Բաղդասարյանի ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Զեմլյակ» ֆիլմը արգելված է Հայաստանում ցուցադրել, կինոռեժիսորը չհերքելով, ասաց.«Ժամանակը չէ այդ մասին խոսելը։ Սա առանձին թեմա է, ինչը առաջիկայում կհնչեցվի իմ կողմից»։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031