Լրահոս
Օրվա լրահոսը

Գնում ենք Եվրոպա: Հաջորդ կանգառը` Աֆրիկա

Օգոստոս 25,2012 12:47

Ժամանակակից Հայաստանը, թե կուզեք իմանալ, հաղթանակած լյումպենի երկիր է։ Չնայած նրան, որ քանակապես լյումպենները չեն գերակշռում, նրանք անշուշտ գերիշխում են այսօր հասարակության մեջ, պարտադրելով իրենց «պահվածքի կանոնները»։
Խորհրդային հասարակարգը յուրօրինակ «գենափոփոխ» սոցիալական արդյունք էր։ Բոլշեւիզմը գյուղացիական հաստ բնին պատվաստեց արեւմտյան մոդեռնիզմի ճյուղ։ 70 տարի անց այդ ծառը փտեց՝ այդպես էլ չտալով խոստացված սերմերը։ Ճիշտ է, հողի տակ մնացին արմատները, որոնցից վեր սողացին անհասկանալի բնույթի անճոռնի շիվեր։
Այսօր հին խորհրդային բոլոր խավերը (դասակարգեր, բառի եվրոպական իմաստով, Հայաստանում երբեք չեն եղել) ենթարկվել են դեգրադացիայի, իսկ նորեր դեռ չեն հասցրել ձեւավորվել։ Հասարակության մեջ հայտնվել են բազմաթիվ մարդիկ, որոնք կապված չեն կորպորատիվ, բարոյական եւ իրավական որեւէ կապերով։
Հասարակության հիմքում, որն այս տարիների ընթացքում կառուցեցինք ընդհանուր ջանքերով, դրված են լյումպենական իդեալները։ Դա ապադասակարգայնացված տարրերի քաղաքական հասարակարգ է, բոլոր նրանց, ովքեր դուրս են ընկել իրենց սոցիալական խորշերից կամ ընդհանրապես երբեք չեն ունեցել այդպիսիք։
Անցած դարի առաջին քառորդի վերջին քաղաք եկավ ճնշված, չարացած ու շփոթված գյուղացին։ Մի քանի տասնամյակ պահանջվեց, որ քաղաքային միջավայրը մարսի նրան, իսկ նա էլ իր հերթին հարմարվի նոր պայմաններին։ Այդ երկու գործընթացների կցակետում առաջացավ կիսաքաղաքային «խորհրդային քաղաքակրթությունը», որը գոյատեւեց գրեթե կես դար։
Իսկ 90-ականների սկզբին գոռում-գոչյունով ու սուլոցով հասարակություն ներխուժեց ինքնագոհ եւ անամոթ լյումպենը։ Երկու տասնամյակը նրան բավականացրեց, որ իրենով անի քաղաքային, կիսաքաղաքային եւ գյուղացիական մշակույթը։
Լյումպենը սնուցող միջավայր է կրիմինալի համար։ Մեր հասարակության լյումպենացման անմիջական հետեւանք դարձավ նրա համատարած քրեականացումը։ Հասարակության քրեականացումը միշտ նրա սոցիալական դեգրադացիայի վկայությունն է, վերադարձ բռնության ու թալանի վրա հիմնված սոցիալական հարաբերությունների առավել պարզունակ ձեւերին։
Ենթարկվելով հիմնական բնազդին, քրեական տարրերը տարերայնորեն միավորվում են ոհմակների ու անտանելի պայմաններ ստեղծում հասարակության մնացյալ մասի համար։ Ժամանակ առ ժամանակ այդ ոհմակների ներսում գզվռտոց է սկսվում, ինչպես ոսկորը չկիսած շների միջեւ։ Բայց հենց նույն բնազդը ստիպում է նրանց կրկին միավորվել։
Երկրի նորահայտ տերը՝ լյումպենը, վայրի հայացքով զննում է իր համար անսովոր պատմական ինտերիերը՝ ի վիճակի չլինելով հավատալ, որ ամեն ինչ հիմա պատկանում է իրեն։ Նրան խորթ է իսկապես արտադրողական ցանկացած սկզբունք։ Եթե ինչ-որ բան չի կարելի անհապաղ վաճառել կամ գոնե ստիպել աշխատել իր օգտին, ապա դա պետք չէ։
Մեր երկիրը արհեստականորեն փաստացի բաժանված է երկու մասի։ «Հասկացություններով» ապրող ամեն տեսակի լյումպեններ («ֆրակներով», «ուսադիրներով» կամ «ոսկե շղթաներով»՝ նշանակություն չունի), որոնք վերահսկում են հասարակությունը։ «Բնակչություն». «կոմայի վիճակի» մեջ ընկած մարդկանց ամբողջություն՝ զուրկ իրավական եւ քաղաքական իրական պաշտպանությունից, որի սոցիալական դերը հանգեցված է լյումպենին սպասարկելուն։
Այս երկու խմբերի միջեւ հակամարտությունը հիմնական սքողված սոցիալական բախումն է մեր ժամանակակից հասարակության ներսում։ Հենց դա էլ հասարակական գլխավոր հակասությունն է, որն արգելակում է հասարակության զարգացումը, եւ առանց որի հաղթահարման Հայաստանի առջեւ ծառացած պատմական խնդիրներից ոչ մեկը չի կարող լուծվել։
Մեզանում սիրում են ամեն առիթով ու առանց առիթի դատողություններ անել ժողովրդավարության կառուցման մասին։ Բայց ժողովրդավարություն կառուցելուց առաջ անհրաժեշտ է ազատել հասարակությանը լյումպենից, որը խեղդում է նրան ու սասանում բարոյական հիմքերը։ Սկզբում պետք է հեռացնել ուռուցքը, իսկ հետո զբաղվել առողջարար պրոցեդուրաներով։
Նախեւառաջ պետք է մաքրել շինհրապարակը, որտեղ կառուցվելու է ժողովրդավարության շենքը։ Ժողովրդավարությունը մեկանգամյա ջանքերի պտուղ չէ, որը կարելի է տանել՝ ջեքփոթի պես, ու ծամել մնացյալ ողջ կյանքում։ Հասարակության առողջ ուժերի մշտական լարումը, որոնք շահագրգռված են, որ Հայաստանը չգլորվի քրեական փոսը, միակ երաշխիքն է ժողովրդավարության համար:

Կարեն Նահապետյան

«Հայոց աշխարհ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031