Լրահոս
Օրվա լրահոսը

«15 տոկոսից ավել չէին հավաքի, եթե բացի տրակտորներից, բաժանեին նաև լեքսիուսներ, բենթլիներ կամ նույնիսկ ինքնաթիռներ»

Օգոստոս 24,2012 23:37

Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը և ՀՔՄ կառույցում գործող Politlogos իրավիճակային վերլուծությունների և քաղաքագիտական կանխատեսումների կենտրոնի աշխատակազմը հայտարարում են, որ ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի գործունեության առնչությամբ ՀՔՄ կենտրոնական գրասենյակի աշխատակիցների դեմ ապրիլ ամսից իրականացվող բիրտ ճնշումները, որոնք դրսևորվեցին ընտրարշավի օրերին ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված երեք շինծու դատական գործերով, այսօր հասել են իրենց գագաթնակետին: Հմայակ Հովհաննիսյանի ազատության սահմանափակմանը զուգահեռ` նրա համար որպես խափանման միջոց քաղաքից չբացակայելը ընտրելով, իշխող համակարգն այսօր ՀՔՄ նախագահին քաղաքական մեղադրանքներ ներկայացնելու ճիգեր է գործադրում: Այդ ճիգերի մտավոր և բարոյական սնանկության խոսուն ապացույցն է իշխող համակարգի օլիգարխիկ հենասյունի մամլո խոսնակի կողմից օր առաջ տարածած հայտարարությունը:

Զարմանալի և ցավալի է, որ հայոց խորհրդարանում իր թվաքանակային կշիռով երկրորդ կուսակցության ներկայացուցիչները կարող են այդպիսի անհեթեթ մեղադրանքներ հնչեցնել անկուսակցական, միմիայն իր մասնագիտական գործունեության չափանիշներով առաջնորդվող քաղաքագետի հասցեին: Ի՞նչ է ասել, թե «ինչպես իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում, Հմայակ Հովհաննիսյանը բացահայտեց քաղաքական լարախաղացի իր հմտությունները, փորձելով մանևրել քաղաքական տարբեր ուժերի միջև»:

Այս ապշեցուցիչ «մեղադրանքը» ներկայացվում է իրեն «քաղաքական» հորջորջող ուժի անունից, որը ակտիվորեն մասնակցեց և իր համար առավելագույն օգուտներ կորզեց Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ձևավորված Միասնական շտաբի գործունեությունից: Խոսքը գնում է համամասնական ընտրակարգով 30 տոկոսանոց արդյունքի մասին, որը կրկնակի գերազանցեց նախորդ խորհրդարանական ընտրություններին, երբ ԲՀԿ-ին բացահայտորեն հովանավորում էր այն ժամանակ գործող նախագահ Ռ. Քոչարյանը, 15 տոկոսանոց արդյունքը: Չէ՞ որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն նույնքան մեծ նյութական ռեսուրսներ ուներ, որոնց գումարվում էր նաև նախագահական վարչական ռեսուրսի լիարժեք օգտագործման հնարավորությունը:

Ինչո՞ւ չէին ԲՀԿ պարագլուխները միասնական շտաբի գործունեության ընթացքում հրաժարվում «քաղաքական ուժերի միչև մանևրելու» Հմայակ Հովհաննիսյանի ունակություններից: Որովհետև քաջ գիտակցում էին, որ այդ դեպքում 15 տոկոսից ավել չեն հավաքելու: Եվ չէին հավաքի, եթե բացի տրակտորներից, բաժանեին նաև լեքսիուսներ, բենթլիներ կամ նույնիսկ ինքնաթիռներ: Այս ճշմարտությունը հաշվի առնելով ԲՀԿ առաջնորդն ընտրությունների օրը` մայիսի 6-ին հեռուստախցիկների ուղեկցությամբ շտապեց այցելել ՀՔՄ գրասենյակ, հրապարակայնորեն իր աջակցությունը հայտնեց ՀմայակՀովհաննիսյանին:

Ճիշտ արեց, որովհետև «քաղաքական ուժերի միջև մանևրելու» մեր ձիրքի շնորհիվ էր, որ հնարավոր դարձավ Միասնական շտաբի ստեղծումը, որովհետև «լարախաղացի» հմտություններին նմանվող քաղաքագիտական կշռադատության գործադրմամբ էր միայն հնարավոր այդքան տարբեր, նույնիսկ հակադիր ուժերին փոխհամաձայնությունների, կոնսենսուսային լուծումների դաշտ բերելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031