Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Հրեական համայնքը Հայաստանում» գրքի շնորհանդեսը և համերգ՝ նվիրված Հայաստանի հրեական համայնքի 20-ամյակին՝ մասնակցությամբ Իսրայելից ժամանած արտիստների: Գիրքը լույս է տեսել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էր Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հյուրեր Հայաստանից և Իսրայելից և հրեական համայնքի ներկայացուցիչներ:
Ներկաներին ողջունեց Իսրայելի տեղեկատվության և սփյուռքի նախարար Յուլի Էդելշտեյնը` ասելով. «Հայերի և հրեաների միջև շփումը չի սահմանափակվում այս միջոցառումով: Հրեական համայնքի ակտիվ գործունեությունը կնպաստի Հայաստանի և Իսրայելի հարաբերությունների ամրապնդմանը` երկու կողմերին հնարավորություն տալով փոխանակվել փորձով»:
Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը նշեց, որ չնայած հրեական համայնքը փոքր է, բայց ունի քաղաքացիական դիրք և գիտակցություն. «Մեր խնդիրն է` մեծացնել հայրենասեր սերունդ: Բազմաթիվ հրեա գործիչներ այսօր նպաստում են հայերի և հրեաների կապերի սերտացմանը: Հրեական համայնքի 20-ամյակի առթիվ ստացել են շնորհավորանքներ աշխարհի բազմաթիվ երկրներից: Կարևորը` չլինեն վեճեր և պատերազմներ, որպեսզի մենք առողջ ապրենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ