Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռեցիները չեն հավատում, որ պետությունը հետագայում կվերադարձնի կուտակած կենսաթոշակային վճարները

Օգոստոս 24,2012 22:42

 Մինչ ՀՀ կառավարությունը սոցիալական ապահովության համակարգում կենսաթոշակային արմատական բարեփոխումների ճանապարհին է, լոռեցիները չեն շտապում անգամ կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից դառնալ:

Թեեւ կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը գործում է շուրջ 1,5 տարի, այնուամենայնիվ վանաձորցի Աշոտ Ապրեսյանը հրաժարվում է օգտվել պետության ընձեռած հնարավորությունից:

«Լավ բան ա, բայց ուր ա աշխատանք, որ մի հատ էլ փող ունենանք, թոշակի համար կուտակենք, հազիվ ծայրը ծայրին ենք հասցնում, 20-30 տարի հետոյի մասին էսօր մտածել դեռ չի լինում» -ասում է նա:

Մինչ օրս Սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի դռները ոչ մի քաղաքացի այս հարցով դեռ չի բացել:

Արամ Հախինյան

«Չեն եկել, պատճառներց մեկն էլ տեղեկացվածության պակասն է»,- «Լոռի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց բաժնի պետ Արամ Հախինյանը` պարզաբանելով, որ ոլորտում տեղի են ունեցել մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք որոշ դեպքերում ցավոտ են ընդունվում:

Վալերի Ջաղինյան

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանի կարծիքով արդեն 2014 թվականի հունվարի մեկից ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը հնարավորություն կտա մի կողմից պետությանը կարգավորելու ոլորտը, մյուս կողմից էլ կշահի բնակիչը:

«Նախկինում մարդու կենսաթոշակը հաշվում էին աշխատավարձից ելնելով, եւ այդ դեպքում բարձր աշխատավարձ ստացողը բարձր թոշակ էր ստանում: Հիմա կուտակային կենսաթոշակների մասին օրենքով, բացի պարտադիրը, մարդը կարող է նաեւ ներդնել իր կամավոր բաղադրիչը` դրանով ավելի բարձր կենսաթոշակ ակնկալելու ծերության օրերին»:

Վանաձորցի Սաթենիկ Ադամյանը, սակայն, երկմտում է. «Ես ինչ երաշխիք կարող եմ ունենալ, որ 20 տարի հետո ինձ իմ գումարները թոշակի տեսքով հետ կտան, աբսուրդ բան ա, ժողովրդին դրել են փորձարկման, ինչ մտքներին գալիս ա, անում են»:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031