Լրահոս
Օրվա լրահոսը

«Ութ տարի է` Երեւանում եմ, ընտանիքս էլ ցրված է»,- ասում է սիրիահայ ոսկերիչը

Օգոստոս 24,2012 23:07

ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով` ներկայումս Հասաստանում է շուրջ 1700 սիրահայ: «Առավոտը» զրուցեց մասնագիտությամբ ոսկերիչ, «Մարաշ» հայրենակցական միության գերագույն վարչության պատվո անդամ Վահե Սամուելյանի հետ, որը 15 տարեկանից զբաղվել է ոսկերչությամբ: Ներկայումս պարոն Սամուելյանը Եվրոպայից եւ ԱՄՆ-ից գնում է ոսկերչական գործիքներ, ինչպես նաեւ՝ արտադրում դրանք Հալեպում գտնվող ոսկերչական գործիքների իր ընկերությունում: «Արդեն 8-րդ տարին է, որ ես, այսպես ասած, հանգստանում եմ եւ ապրում Երեւանում, իսկ արտադրւթյունս ղեկավարում է մենեջերը»,-ասաց մեր զրուցակիցը:
Վահե Սամուելյանը 1973թ-ին առաջին անգամ ոսկերչական գործիքներ է ներմուծել Հալեպ: Այդ ժամանակ Սիրիայում էր ազգությամբ հայ նշանավոր մի ոսկերիչ, որի նախնիները 300 տարի առաջ Սասունից գաղթել էին Հալեպ: Աստիճանաբար ոսկերչությունը Սիրայում զարգացավ, վարպետների թիվն էլ ավելացավ: Մեր զրուցակցի խոսքով, հատկապես Վանի ոսկերիչները մեծ ճանաչում ունեն աշխարհում. «Նրանք պրոֆեսիոնալ ոսկերիչների մի ամբողջ սերունդ են թողել: Այսօր էլ Հալեպում ճանաչում եմ հայ ոսկերիչների, որոնց արմատները սերում են Վանի ոսկերիչներից: Արաբական երկրներում, հատկապես՝ Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում եւ Հորդանանում, ոսկերչությամբ զբաղվողները հիմնականում հայեր են: Նրանք են արաբներին ոսկերչություն սովորեցրել: Սրանից 20 տարի առաջ Թուրքիայում ազգությամբ թուրք ոսկերիչ չկար, իսկ հիմա թուրքերի լեզուները երկարել են, մինչդեռ նրանք եւ ասորիները մեզանից են սովորել այդ արհեստը: Ուրֆայի բնակչության մեծամասնություն կազմող ասորիները բարեկամական հարաբերությունների մեջ էին հայերի հետ: Ասորիների մի մասը ցեղասպանության ժամանակ հայերի հետ բռնագաղթեց Հալեպ: Մեզ մնաց Հայաստանից փոքր կտոր, իսկ ուրֆացիները կորցրին ամեն ինչ»:
Սիրիահայը պատմեց, որ իր ծնողները Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ գաղթել են Կիլիկիայից. «Հավատալով ֆրանսիացիներին՝ 1919թ-ին նրանք վերադարձան Կիլիկիա, սակայն 1921թ-ին ոտաբոբիկ բռնագաղթեցին Հալեպ: Ծնողներս երիտասարդ տարիքում իրենց հայրական ընտանիքների հետ սպաստանեցին Հալեպում, գտան իրար եւ ամուսնացան: Հալեպում էլ ծնվեցի ես»:
Ոսկերչի ընտանիքը ցեղասպանության արդյունքում կորցրել է տունը, այգին եւ խանութը. «Թողեցին եւ հեռացան: Ոչ մեկը չկարողացավ հետը ինչ-որ բան վերցնել: Ճանաչում եմ մեկին, որը ցեղասպանության ժամանակ իր ոսկե դրամները փաթաթել էր կտորով, դարձրել կոճակ եւ կարել շապիկներին: Այդ կերպ գաղթի ճանապարհին պահպանեց ունեցվածքի մի մասը»:
Պարոն Սամուելյանը կարծում է, որ Հալեպի հայ համայնքը մասնատման եզրին է. «Իսկ Բեյրութի հայերը փախան Եվրոպա, Կանադա եւ Ավստրալիա: Դժբախտաբար, չեմ հիշում դեպք, որ նրանք Հայաստան եկած լինեն: Այնքան մեծ թվով հայեր գնացին Լոս Անջելես, որ վերակենդանացրին տեղի հայ գաղութը»: Օրերս ոսկերչի հալեպաբնակ՝ Չինչինյան ազգանունով բարեկամը հայտնել է, որ վիրավորվել է ռումբի պայթյունից: Բացի այդ, մի քանի հայ առեւանգվել են ավազակների կողմից եւ ազատվել դրամի դիմաց, իսկ վերջին չորս օրվա ընթացքում բախումները տեղի են ունենում Հալեպի հայկական թաղամասերին մոտ:
Վահե Սամուելյանը նշեց, որ «Մարաշ» հայրենակցական միությունը Հալեպում 6 հարկանի շենք ունի, որի տանիքին տեղակայված է ամառային ակումբ-ճաշարան.«Հալեպի զով երեկոները մարդիկ այդտեղ են վայելում: Երեկ հեռախոսով իմացա, որ ակումբը փակել են, մարդիկ՝ հեռացել»:
Մեր զրուցակցի խոսքով, երեկոյան ժամը 19:00-ից հետո հայերը փակվում են իրենց տներում. «Ունեմ բարեկամ՝ բժիշկ-սրտաբան, որը ժամը 19-ից հետո փակում է իր կլինիկան եւ անհատապես այցելում հիվանդներին: Ուրիշ ճար չկա: Հիվանդներն անգամ հեռախոսով են նրանից խորհրդատվություն հարցնում»:
Հավելենք, որ Վահե Սամուելյանն արդեն 8-րդ տարին է, ինչ ապրում է Երեւանում: Տարվա մեջ մի քանի անգամ մեկնում է Հալեպ՝ ոսկերչական գործիքների արտադրությանը հետեւելու եւ հարազատներին տեսակցելու նպատակով: «Ափսոս, որ ընտանիքս ցրված է: Աղջիկներիցս մեկը Դուբայում է, մյուսը՝ Լոս Անջելեսում: 2 թոռնիկ ունեմ»,- ասում է նա:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031