Երեկ անսպասելի այցով Շիրակի մարզում է եղել Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա այցելել է այս մարզում գտնվող 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, ծանոթացել շենքային պայմաններին և ստուգել ՏԻՄ ընտրություններին նրանց կողմից կատարվող նախապատրաստական աշխատանքները:
Այս օրերին, ընտրատեղամասային հանձնաժողովներ են ձևավորվում, հանձնաժողովի անդամների թափուր տեղերն են լրացվում: Տիգրան Մուկուչյանը սկզբում եղել է թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, որի դռները սակայն փակ է գտել: Այս հանձնաժողովը տեղակայված է Գյումրու ֆրանսիական թեքումով թիվ 10 դպրոցում , որտեղ վերանորոգման աշխատանքեր են ընթանում:
Նշենք, որ այս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գուրգեն Մալխասյանը Գյումրու քաղաքապետի իշխանական թեկնածու Սամվել Բալասանյանի սանիկն է: Եվ խախտելով Ընտրական օրենսգրքի 37 հոդվածի 5-րդ կետը, համաձայն որի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը աշխատում է մշտական հիմունքներով, չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ՝ հանդիպումների գնալիս Գուրգեն Մալխասյանն ուղեկցում է պարոն Բալասանյանին, անգամ հպարտորեն նստում նրա կողքին (տես լուսանկարում):
Տիգրան Մուկուչյանն այս հանձնաժողովից ուղևորվել է թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որի նախագահ Էդուարդ Բաղրամյանը, ևս տեղում չի եղել. Նա գործերով մայրաքաղաքում է գտնվել:
Կարդացեք նաև
Իսկ երբ այցելել է թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, հանձնաժողովականները զարմացած հարցրել են, թե ինչո՞ւ է առանց նախազգուշացնելու եկել, որին ի պատասխան պարոն Մուկուչյանը բացատրել է, որ այդպես էր պետք:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ