Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրիում առավել անմխիթար և անհույս վիճակում են հայտվել այն անօթևան ընտանիքները, որոնք չեն համարվում երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրածներ, ինչի պատճառով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Այդ կարգավիճակում գտնվող բազմաթիվ ընտանիքների պատկանող տնակները վաղուց շարքից դուրս են եկել, իսկ այնտեղ ապրող երեխաները մշտապես վատառողջ են:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հերթական այցելությունը կատարեցին Գյումրու Սևյան փողոցի հարևանությամբ գտնվող տնակային ավան: Այստեղ են բնակվում ամուսիններ Հասմիկը և Արմենը` իրենց երկու մանկահասակ երեխաների հետ: Երեխաներից մեծն այս տարի հաճախելու է առաջին դասարան, և այդ կապակցությամբ մենք նրան հանձնեցինք հատուկ տնակներում ապրող ընտանիքների առաջին դասարան գնացող երեխաների համար ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված հագուստը: Մյուս հարյուրավոր անօթևան ընտանիքների նման այս ընտանիքի գոյատևման հիմնական միջոցը նույնպես սոցիալական նպաստն էր: Ավելին, ընտանիքը հայրը թեև 36 տարեկան էր, սակայն մինչև օրս հայկական անձնագիր չէր ստացել:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: