Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազբորկախառն» քարոզարշավ՝ Գյումրիում

Օգոստոս 24,2012 21:18

Գյումրու՝ ինտրիգիներ սիրող ու կոլորիտային քաղաքապետի՝ Վարդան Ղուկասյանի չառաջադրվելու պայմաններում գյումրեցիները թեեւ մտավախություն ունեին, որ ընտրարշավը կանցնի միապաղաղ ու բովանդակազուրկ, սակայն ճիշտ հակառակ պատկերին ենք ականատես լինում:
Բանն այն է, որ հենց Գյումրու գործող քաղաքապետն է որոշել հետաքրքիր դարձնել քարոզարշավը՝ այսպիսով փարատելով բոլոր այն պաշտոնյաների կասկածները, թե ինքը խաղից դուրս է մնում եւ Գյումրու ՏԻՄ ընտրություններում դերակատարություն չի ունենալու:

Ընտրաշավը սկսվելու առաջին օրը Գյումրիում համառ խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ պարոն Ղուկասյանի թիկնապահները ծեծում, նեղում են քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այն բոլոր կառույցների աշխատակիցներին, ովքեր հանդգնում են հանդիպման գնալ քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի հետ: Օրինակ՝ Գյումրու Հովհաննես Շիրազի անվան տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը, ով առանց Վարդան Ղուկասյանին հարցնելու, գնացել եւ ունկնդրել էր Սամվել Բալասանյանին, նկատողության էր արժանացել քաղաքապետի կողմից, ընդհուպ մինչեւ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Թեեւ, ըստ պաշտոնյայի, ինքը զբաղվելու է անձնական բիզնեսով՝ մեղուներով, այդ պատճառով է որոշել հրաժարվել պաշտոնից:  Նա անձամբ մեզ ասաց, թե քաղաքապետը իրենից իրավացիորեն նեղացել է՝ ասելով «չէ՞ր կարելի Սամվել Բալասանյանի հետ հանդիպման գնալուց առաջ ինձ մի հատ հարցնել, վերջը նույն կառույցում ենք աշխատում»:

Սակայն, ինչպես ասում են, սա դեռ սկիզբն է, ուրիշ ի՞նչ պատմությունների կարելի է սպասել քարոզարշավի օրերին: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հետեւյալ կանխատեսումն է անում. «Ես հուսով եմ, որ քաղաքում իրավիճակը ծայրահեղ չի լարվի, բայց գիտենալով գործող քաղաքապետի ոչ ադեկվատ բնավորությունը, չի կարելի բացառել, որ թե՜ ինքը, թե՜ իր կողմնակիցները կարող են ֆորս-մաժորային իրավիճակներ ստեղծել քաղաքում: Թիկնապահների ծեծկռտուքից ես տեղյակ չեմ, բայց եթե եղել է, դա արդեն ցույց է տալիս, որ իշխանությունները մեծ մտածելիք ունեն, որովհետեւ այն, ինչ որ արդեն տեղի է ունեցել, եթե իհարկե տեղի է ունեցել, դա արդեն բացարձակ ձեռնտու չէ ոչ իշխանություններին, ոչ էլ ժողովրդին»:

Իսկ ինչպե՞ս կարձագանքի քաղաքագետը հնչող այն կարծիքներին, թե «ՏԻՄ օրենքում» անհրաժեշտ է նորից փոփոխություն մտցնել, սահմանափակել համայնքապետ ընտրվելու ժամկետը, այլապես մարդիկ, հավերժ քաղաքապետ կամ գյուղապետ աշխատելով ու այդ պաշտոնը սեփականաշնորհելով, լճանում են, ոչինչ չեն անում ժողովրդի համար, մտածում են միայն հարստանալու մասին: «Ես այդ կարծիքի հետ համաձայն չեմ, մարդը ինքը պետք է մարդ լինի եւ դիմանա թե պաշտոնին, թե հարստությանը, լինի դա ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, թե Հայաստանը, բոլոր տեղերում էլ պաշտոնյաները անպայման հարստանում են: Դուք չեք տեսնի Եվրոպայում ոչ մի աղքատ քաղաքապետ, ԱՄՆ կոնգրեսի 99 տոկոսը միլիոնատերեր են, բայց էդ մարդիկ ենթարկվում են օրենքների եւ ենթարկվում են իրենց ներքին բարոյական սկզբունքներին, մեզ մոտ դա բացակայում է: Լճանալը հետեւյալն է՝ էդ մարդը կտրվում է իրականությունից, պատկերացնում է, որ ինքը ամենաուժեղն է, ամենագետն է, ամենահզորն է եւ ամենակարողն է: ԱՄՆ-ում կա պաշտոնյա, ով արդեն երկու տասնամյակից ավել էդ պաշտոնում է եւ շատ հզոր մարդ է. նա Ամերիկայի ֆեդերալ ռեզերվային սիստեմի նախագահն է: Բայց մենք չենք կարող ասել, որ ինքը լճացած է: Ֆրանսիայում նախագահներ են եղել, ովքեր 14 տարի նախագահ նստեցին, բայց իրենք լճացած չէին: Սա մարդուց է կախված, թե ինքը ինչպես իրեն կդրսեւորի եւ ինչպես կղեկավարի: Լճանում են նրանից, որ իշխանությունները թույլ են տալիս, որ նրանք լճանան: Լճանում է նա, ով զգում է, որ ինքը անպատժելի է»,- ասում է Գագիկ Համբարյանը:

Իսկ ինչո՞վ կբացատրի քաղաքագետը Գյումրու ավագանու թեկնածուների այդքան մեծ քանակը. 21 տեղի համար պայքարում են 71 թեկնածուներ: «Հաշվի առնելով նախկին քաղաքապետի խառնվածքը, արդեն նախկին կարելի է ասել, մարդիկ արդեն գիտեին, որ ինքն է ընտրվելու, ոչ ոք չէր ցանկանում ավագանի դառնալ, որովհետեւ Գյումրու քաղաքապետի համար ավագանին գոյություն չունեցող մի ստորաբաժանում է: Երբեւէ ոչ մեկը չէր տեսել ավագանու բուռն քննարկումներ, կամ ավագանու որեւէ անդամ որեւէ հարցի շուրջ դեմ արտահայտվեր, ապօրինությունները քաղաքում բավական մեծ են եղել տարիների ընթացքում: Հիմա, երբ որ արդեն պարզ է, որ գործող քաղաքապետը չի դնելու իր թեկնածությունը, իշխանությունն էլ դաշտն ամբողջությամբ մաքրեց իրեն ցանկալի թեկնածուի առաջ, այսինքն՝ կա այստեղ միակ հզոր թեկնածու՝ Սամվել Բալասանյանը, եթե ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն, ինքն էլ կընտրվի Գյումրու քաղաքապետ, ինքնըստինքյան այն մարդիկ, այն խմբավորումները, ովքեր ունեն իրենց շահերը քաղաքում, սկսում են ինքնառաջադրվել, խմբավորումներն էլ իրենց ներկայացուցիչներին են առաջ քաշում, որովհետեւ ավագանին, ըստ ՏԻՄ օրենքի, բավականին մեծ լիազորություններ ունի»:

Քաղաքագետը Սամվել Բալասանյանին որակում է որպես լոյալ, կոմպրոմիսների գնացող, բանակցող անձ, որի հետ կարելի է աշխատել: «Նախկինում ավագանու անդամ էին դառնում այն մարդիկ, ովքեր լիովին համամիտ էին գործող քաղաքապետի գործունեության հետ եւ երբեւիցե քննադատության չէին ենթարկում, այսինքն՝ մենք տեսնում էինք նախկին կոմունիստական, տոտալիտար վարչակարգ, երբ որ ոչ ոք դեմ չէ, ձեռնպահ չէ եւ անընդհատ կողմ է: Հիմա այդ իրավիճակը փոխվում է, եւ ես ուրախ եմ, որ տարբեր շերտերից են այդ թեկնածուները, բոլոր խավերը էդ ավագանու մեջ կա ներկայացված»,- ասում է Գագիկ Համբարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031