Հարցազրույց ՀԱԿ համակիր, Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ նախագահ Ռաֆայել Ասրյանի հետ
-Պարո’ն Ասրյան, Կապանի քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ից առաջադրված Աշոտ Հայրապետյանի քաղաքական գովազդի հոլովակում նրան աջակցող ձեր ելույթը շատերին է զարմացրել, քանի որ դուք Կապանում ընդդիմադիր կեցվածք ունեք ու հայտնի եք որպես ՀԱԿ ներկայացուցիչ: Ի՞նչով էր պայմանավորված ՀՀԿ-ի թեկնածուի օգտին հանդես գալու ձեր այդ քայլը:
-Ես ՀԱԿ-ի անդամ չեմ, ՀԱԿ-ի համակիր եմ, եւ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իմ այս քայլը կուսակցականացված չէ: Այնպես չէ, որ ՀԱԿ-ն ուներ թեկնածու, ու հանկարծ ես պաշտպանում եմ հանրապետական թեկնածուին, թեկուզ չի էլ բացառվում` նայած ով կլիներ: Իսկ ինչ վերաբերում է Աշոտ Հայրապետյանին, մենք արմատներով մի գյուղից ենք, մեր հայրերն են ընկերություն արել, ես ու Աշոտն ընտանիքներով ընկերություն ենք անում, եւ բնականաբար իրեն պետք է սատարեի: Ես դա ո’չ կուսակցականացրել եմ, ո’չ էլ Արտուր Աթայանի հետ թշնամի եմ:
-Այսինքն, դուք հավաստիացնում եք, որ ձեր այդ որոշումը կապ չունի՞ ՀՀԿ-ի հետ:
Կարդացեք նաև
-Միանշանակ, ավելի կոնկետ ասեմ, եթե լիներ ՀՀԿ-ից մեկ այլ թեկնածու, կարկառուն դեմքերից մեկը, ես հաստատ չէի պաշտպանի հանրապետական թեկնածուին:
-Իսկ գործող քաղաքապետ Արտուր Աթայանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք:
-Ներկայիս քաղաքապետի հետ լավ հարաբերությունների մեջ ենք, վատ չենք, գործնականում առնչվել ենք, երբ 4 տարի առաջ ընտրվեց քաղաքապետ, գնացի շնորհավորեցի, եւ որպես ջրմուղի Կապանի տեղամասի նախկին պետ ներկայացրեցի այդ ոլորտի հետ կապված բոլոր խնդիրները, ինքը նորմալ ընդունեց, վատ չեն մեր հարբերությունները, բայց կշեռքին դնելով` ես Աշոտին եմ սատարում որպես ընկեր:
-Իսկ եթե չլիներ ձեր նախընտրած թեկնածուն, լիներ ձեր ասած ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից մեկն ու ներկայիս քաղաքապետը, ինչպ՞ս կվարվեիք այդ դեպքում, ո՞ւմ կընտրեիք:
-Ես այդտեղ արդեն մտածելու խնդիր կունենայի:
-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ ձեր այս քայլը մամուլում որակվել է որպես ՀԱԿ եւ ՀՀԿ կոալիցիա կազմելու քայլ:
-Դե լրատվամիջոցներ են, այդպես են են գտել, այդպես են գրել: Նորից եմ ասում, եթե այստեղ ՀԱԿ-ից ներկայացուցիչ լիներ, կամ ՀԱԿ-ը հայտարարություն տարածած լիներ, որ պաշտպանում է Արտուր Աթայանին, եւ ես ուրիշ բան անեի, դա այլ հարց է: Չկար ոչ մի հայտարարություն, եթե ինչ որ ցուցում ստացել են Կապանի տարածքային կառույցում, նույնիսկ դրանից տեղյակ չեմ: Թեեւ ես էլի զուտ անձնական մոտեցում կցուցաբերեի եւ կսատարեի Աշոտ Հայրապետյանին:
-ՀԱԿ-ն այս ընտրություններում ինչ-որ մասնակցություն կունենա՞, ՀԱԿ-ից ավագանու անդամ ունե՞ք, թե՞ ոչ:
-Չգիտեմ, տեղյակ չեմ նույնիսկ: Ես ՀԱԿ-ի հետ ԱԺ ընտրություններում տարաձայնություններ ունեցա: Չեմ խառնվել այդ ընտրություններին, ճիշտ է` ձայնս տվել եմ ՀԱԿ-ին , ուրիշ բան չէի կարող անել, բայց չեմ մասնակցել ընտրարշավին:
-Ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը:
-Կոնկրետ թիվ 38 ընտրատարածքի մեծամասնական թեկնածուի պահով եղավ այդ տարաձայնությունը: Մենք ՀԱԿ-ի խորհրդում ներկայացրել էինք, որ Կապանից լինի թեկնածու, ոչ թե` Մեղրիից: Միանշանակ ավելի շատ ձայներ կունենայինք, որքան տեսաք` վերջին տեղն էր ձայներով:
-Ի՞նչ կանխատեսումներ ունեք ՏԻՄ ընտրություններից, ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում:
-Դժվարանում եմ ասել, այնպես չէ, որ ասեմ` միանաշնակ Աշոտ Հայրապետյանը պիտի հաղթի կամ Արտուր Աթայանը: Տեսնենք, ժողովուրդն ում ձայն տա, նա էլ կհաղթի:
-Ընդդիմադիր կեցվածք ունենալով` ինչպե՞ս եք համագործակցում ՀՀԿ-ի հետ այս ընտրարշավին:
-Ճիշտ է, իմ նախընտրած թեկնածուն ՀՀԿ խորհրդի անդամ է, եւ ես Աշոտ Հայրապետյանի կենտրոնական շտաբի անդամ եմ, բայց ինձ համար շատ դժվար էր մտնել հանրապետական կուսակցության գրասենյակ, երբ նախկինում կուսակցության Կապանի տարածքային կազմակերպության նախագահն էի ու հեռացվել եմ այնտեղից, բայց հաղթահարել եմ այդ ամենը:
-Ինչո՞ւ եք հեռացվել ՀՀԿ-ից:
-Կապանի տարածքային կազմակերպության 2-րդ նախագահն եմ եղել: Այդ տարիներին Կապանի քաղաքապետի ընտրություններին Գագիկ Աթաջանյանի եւ Արմեն Կարապետյանի միջեւ տարաձայնությունները եղան: Աթաջանյանը պետք է մտներ ՀՀԿ կուսակցություն, որ կուսակցությունը պաշտպաներ նրա թեկնածությունը, բայց ՀՀԿ անդամ դառնալուց հետո չպաշտպանեցին նրան, մյուս թեկնածուին աջակցեցին: Նոր էր ստեղծվում այդ կառույցը, մենակ չմտավ` 80 հոգով եկան, բայց կոպիտ ասած խաբեցին նրան ու խոստումը չկատարեցին: Ես չխառնվեցի այդ ընտրություններին, Արմեն Կարապետյանը, լինելով ՀՀԿ թեկնածու, ես էլ կուսակցության Կապանի մասնաճյուղի նախագահ` չխառնվեցի այդ գործընթացներին, նույնիսկ ընտրություններին չեմ մասնակցել: Որից հետո ինձ հեռացրեցին կուսակցությունից, եւ ես այդ օրվանից արդեն ընդդիմադիր կողմ անցա, ոչ միայն նրա համար, որ հեռացրել են, այլեւ նրա համար, որ չէի կարող չլինել Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման մասնակից:
-Կրկին անդրադառնանք սեպտեմբերի 9-ին Կապանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին: Ունե՞ք որեւէ բան ավելացնելու ՏԻՄ ընտրությունների հետ կապված:
-Ես հաջողություն եմ ցանկանում մեր քաղաքապետի բոլոր թեկնածուներին այս ընտրարշավում, թող լինի արդար ընտրություն, ժողովրդի ձայնով ով ընտրվի՝ նա էլ թող ղեկավարի:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ