Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն հերքում, որ սխալ տվյալներ են ներկայացրել, բայց պնդում են, որ կեղծիք չէր

Օգոստոս 24,2012 19:54

Այսօր հրապարակել էինք «Փաստինֆոյի» հաղորդագրությունը, որում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության փաստաբան Հայկ Ալումյանը հայտնում էր, թե «Հանքավայրի շահագործման իրավունքը ձեռք բերելու և բնապահպանական տեսակետից կասկած հարուցող իրավիճակները ծածկելու համար ACP ընկերությունը բնապահպանական փորձաքննության է ներկայացրել կեղծ փաստաթղթեր», եւ բացատրում, որ Հայաստանում Թեղուտ անունով երկու անտառային գոտիներ կան, որոնցից մեկըգտնվում է Լոռու մարզում և հայտնի է ոչ միայն իր էնդեմիկ բուսատեսակներով, այլև Կարմիր գրքում գրանցված կենդանական աշխարհով: Իսկ մյուս Թեղուտը տեղաբաշխված է Դիլիջան քաղաքի մոտ և իր բնապահպանական համակարգով ու հարստությամբ զիջում է առաջինին: Նկատի ունենալով այս երկու անտառային գոտիների անունների նույնականությունը՝ ACP ընկերությունը բնապահպանական փորձաքննության է ներկայացրել ոչ թե ստորոտում պղնձի հանքաշերտեր ունեցող Լոռու մարզի Թեղուտի տվյալները, այլ, պահպանելով նրա անունը, տեղեկատվությունը կազմել է ըստ Դիլիջանի անտառագոտու տվյալների: Պարոն Ալումյանը նշել էր նաեւ, որ դա կատարվել է միջազգային իրավական նորմերը խախտելու ակնհայտ դիտավորությամբ:

Aravot.am-ը դիմել էր ACP ընկերությանը` մեկնաբանության համար: Քիչ առաջ ստացել ենք ընկերության մեկնաբանությունը, որը ներկայացնում ենք ստորեւ.

Ի պատասխան Aravot.am կայքում 2012 թվականի oգոստոսի 24-ին տեղ գտած՝ « Մի Թեղուտի փոխարեն ներկայացրել են այլ Թեղուտի տվյալները. քրեական գործի հո՞տ է գալիս» վերնագրով հրապարակման վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելու Ձեր առաջարկին, հայտնում ենք, հետևյալը՝

Թեղուտի պղնձա-մոլիբդենային կոմբինատի աշխատանքային  նախագծի 7-րդ՝ «Շրջակա միջավայրի պահպանություն» հատորի «Շրջակա միջավայրի հիմնական առանձնահատկությունները» բաժնում նախագծող կազմակերպության կողմից ներկայացվել են նախագծվող ձեռնարկության տեղանքում էկոլոգիական իրավիճակի գնահատման հիմնական ցուցանիշները, որտեղ, սակայն, տեխնիկական վրիպակի պատճառով վկայակոչվել է Իջևանի ֆլորիստիկ շրջանը:

Հարկ է նշել, որ թե՛ Լոռու մարզի, թե՛  Տավուշի մարզի Թեղուտ անվանումով գյուղերը և դրանց հարակից տարածքները դասվում են նույն՝ Ցիկումբորելյան ֆլորիստիկ շրջանի Կովկասյան ենթաշրջանին, ուստի նախագծում հիշատակվածն ընդամենը տեխնիկական վրիպակ է, որը նախագծող կազմակերպության կողմից պարզաբանվել և ուղղվել է հենց բնապահպանական փորձաքննության շրջանակներում անցկացված հասարակական լսումների ընթացքում:

Ցավում ենք, որ տեխնիկական վրիպակը որպես կեղծիք ու ակնհայտ դիտավորություն որակելու վերաբերյալ անպատասխանատու հայտարարությամբ հանդես է եկել պարոն Հ.Ալումյանի նման փորձառու փաստաբանը:

«Վալլեքս» խմբի ընկերությունների

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031