Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը` Արթիկի 4 թեկնածուներից մեկն այսօր ինքնաբացարկ է հայտնել: Խոսքը նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանի մասին է, ով երկար ժամանակ մտորում էր` առաջադրի ՞ իր թեկնածությունը, թե ՞ ոչ: Պատահական չէ, որ նա ընտրական հանձնաժողով դիմեց փաստաթղթերի ընդունման վերջին մեկ ժամվա ընթացքում: Փաստորեն Արթիկում եւս ՏԻՄ ընտրությունները կորցրեցին իրենց իմաստը. այստեղ ամբողջ ինտրիգն այն էր, որ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաների համակրանքը վայելող ՀՀԿ-ական Հմայակ Աբրահամյանը դուրս էր եկել գործող քաղաքապետ, դարձյալ ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանի դեմ:
Պարոն Աբրահամյանի ինքնաբացարկ հայտնելով, մեկ անգամ ևս հաստատվեց Aravot.am—ի հրապարակած այն տեղեկությունը, թե նախագահի դաբրոն ձեռք է բերել գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, որի եղբայրը Ղազախստանի օլիգարխներից մեկն է, և յուրահատուկ կապեր ունի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Այժմ Արթիկում կպայքարեն 3 թեկնածու, որից երկուսը ՀՀԿ-ական` Խաչատուր Վարագյանը եւ Արթիկի սոցապբաժնի պետ Արսեն Աբրահամյանը, եւ անկուսակցական Սերգեյ Զաքարյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ