Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջրծաղիկից մահացած զինվորի հայրը, դատարանում բժիշկներին տեսնելով, բղավեց. «Թուրքեր, ինչո՞ւ երեխուս սպանեցիք»

Օգոստոս 24,2012 19:12

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ  ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը, որն անցավ  բավականին շիկացած մթնոլորտում: Ըստ ծնողների` 18-ամյա Հայկը մահացել է բժիշկների անտարբերության պատճառով: Ջրծաղիկով հիվանդ զինվորին հոսպիտալում այնքան ժամանակ բուժօգնություն չի ցուցաբերվել, մինչեւ որ Հայկն ընկել է ցնցումների մեջ ու ծանր վիճակով տեղափոխվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Այնտեղ էլ զինվորը մահացել է:

Գործը քննող դատավոր Վլադիմիր Գրիգորյանը ոչ մի կերպ չէր կարողանում հանգստացնել մահացած զինվորի հորը` Մովսես Խաչատրյանին, որը դատարանի դահլիճում մատնացույց անելով որդու մահվան մեջ մեղադրվող բժիշկներին` Մինաս Մկրտչյանին եւ Միքայել Միքայելյանին, վրդովված բղավում էր. «Թուրքե’ր, ինչո՞ւ սպանեցիք որդուս»: Դատավորի հորդորներին ի պատասխան, զինվորի հայրն ասում էր. «Ինչ ուզում եք արե’ք, ուզում եք ինձ կալանավորեք, միեւնույն է, չեմ լռելու: Ինչո՞ւ պետք է այդ թուրքը, տականքը ազատության մեջ լինի, իսկ իմ որդին հողի տակ: Սա՞ է ձեր արդարությունը: Մեղադրող դատախազն արդեն իր գործն արել է, փողը վերցրել է, դրել տակը ու իմ որդուն սպանած բժիշկների համար մեղմ պատիժ սահմանել»:

Զինվորի հորը հունից հանում էր նաեւ զինվորական դատախազի ներկայությունը. «Դու ո՞նց ես գործը վարել, որ քրեական պատասխանատվությունից դուրս են մնացել այլ անձիք»: Հայկ Խաչատրյանի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն արեց` պատճառաբանելով, որ նախաքննությունը կատարվել է խախտումներով եւ, որ դատախազը ակնհայտ կողմնակալություն է արել` բժիշկների համար նախատեսվածից ավելի մեղմ պատիժ սահմանելով:

Հայկի քեռին` Արմեն Դավթյանը, դատարանում հայտարարեց, որ ինքը հոսպիտալում սկզբից մինչեւ վերջ` Հայկի վերջին շունչը, ներկա է եղել, սակայն նախաքննական մարմինը հրաժարվել է իրեն էլ որպես վկա ներգրավվելու: Դատավորը նիստի ժամանակ որոշեց քեռուն դատարանի դահլիճից դուրս հրավիրել, որպեսզի որոշում կայացնի` նրա ապացույցները լսի՞, թե՞ ոչ:

Մինչ դատավորն անցել էր խորհրդակցական սենյակ` քննարկելու Մուշեղ Շուշանյանի` դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը, Aravot. am-ը զրուցեց Հայկի քեռու`Արմեն Դավթյանի հետ: Նրա խոսքերով. «Ես 2 օր է Հայկի հետ հոսպիտալում էի, երբ Հայկը շատ վատացավ ես սկսեցի պանիկայի մեջ ընկնել, հոսպիտալի պետի հետ հանդիպում էի խնդրում, սակայն թույլ չէին տալիս տեսակցելու: Գոռգոռալուց հետո ասեցի, որ կզանգեմ թեժ գիծ, դրանից հետո միայն ինձ թույլ տվեցին հոսպիտալի պետին հանդիպել: Ասեցի` մի բան արեք, էդ էրեխեն մեռնում է, ասեց մի բան կանենք: Ես ու Մովսեսը սայլակով Հայկին աստիճաններով իջեցրինք 2-րդ հարկ: Էդ ժամանակ Հայկը ցնցումների մեջ ընկավ, ու սայլակից ընկավ: Բղավեցինք, եկան տարան վերակենդանացման բաժանմունք ու արհեստական շնչառություն միացրին, էդ ժամանակ հասկացան, որ երեխայի վիճակը շատ լուրջ է: Մտնում ենք վիրաբույժների մոտ, ասում են` կույաղիքն է, սպասեք առավոտյան կվիրահատենք, իսկ Հայկն այդ ժամանակ արդեն արյուն էր հետ տալիս, ջրծաղիկը քայքայել էր ստամոքսը: Քույրը պարզաբանում էր, թե թաքուն հոթ-դոգ են բերել, կերել է, թունավորվել է: Գնացե’ք ձեր տատիկներից, մայրիկներից հարցրե’ք, բժիշկներ չե՞ն, չէ՞, սովորական մարդիկ են, իրենք անգամ ձեզ կպատասխանեն` ոչ: Իսկ այս հիվանդությունով երեխան վարակված, իրենք Հայկին անտիբիոտիկներ են տվել, որը սնել է ջրծաղիկը»:

Դատավորը խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո մերժեց տուժողի իրավահաջորդի փաստաբանի միջնորդությունը: Մուշեղ Շուշանյանն այս անգամ փորձեց դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն անել, սակայն դատական նիստի ավարտով պայմանավորված, դատավոր Վլադիմիր Գրիգորյանը այն կքննարկի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին ժամը 10 անց 30-ին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031