Օրեր առաջ Aravot.am-ի հետ զրույցում Վահե Ավետյանի իրավահաջորդի (հոր) և մյուս տուժողների ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը տեղեկացրել էր, որ իրենց ներկայացրած միջնորդությունը բանավոր մերժվել է: Այսօր նրա հետ զրույցում հետաքրքրվեցինք՝ գրավոր մերժում ստացե՞լ են և ի՞նչ հիմքով է միջնորդությունը մերժվել: Լ. Հակոբյանը պատասխանեց. «Բավական հիմնազուրկ փաստաթուղթ է,միջնորդությունը անհիմն է մերժված»:
Նա մանրամասնեց. «Հիմքեր չկան, մերժումն անհիմն է: Գրված է, որ ամբողջությամբ միջնորդությունը մերժվել է: Եթե ամբողջությամբ մերժվել է, անհասկանալի է, թե ինչու են հղումներ կատարում գործից անջատված մասին և միջնորդության մեջ նշված որոշման դատավարական և քննչական գործողություններին: Ընդհանրապես այդ մերժումը հիմնազուրկ է»:
Լ. Հակոբյանը տեղեկացրեց, որ հենց այդ պատճառով էլ իրենք այսօր բողոքարկելու են դատախազություն:
Այնուհետև փաստաբանը նկատեց. «Չնայած դատախազությունից էլ հույսեր քիչ կան, քանի որ արդեն իսկ գործը դատարան ուղարկելով՝ դատախազությունը խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 267 հոդվածը, որն ասում է, որ մինչև կողմի բողոքի հարցը լուծելը դատախազությունը՝ չի կարող գործը դատարան ուղարկել: Իսկ այս դեպքում դատախազությունը չի սպասել, որ մենք բողոքը ներկայացնենք, այնուհետև քննության առնի այն, հետո գործը ուղարկի դատարան»:
Կարդացեք նաև
Կատարվածին Լ. Հակոբյանը հետևյալ գնահատականն է տալիս. «Խոսքը համակարգի անհասկանալի հապճեպության, կամ էլ խիստ հասկանալի հապճեպության մասին է»:
Մեր հարցին՝ Ռ. Հայրապետյանի՝ որպես կասկածյալ գործում ներգրավվելու միջնորդություն ներկայացնելիս իրենք վստա՞հ էին, որ մատուցողի և հաճախորդի վեճի մասին զեկուցվել է ռեստորանի սեփականատիրոջը, Լ. Հակոբյանը պատասխանեց. «Մենք վստահ չենք և դրա համար էլ միջնորդում էինք,որ նա ներգրավվի, և նրա առնչության վերաբերյալ կասկածները պարզվեն, որ քրեական դատավարության մասնակից դարձվեր և նրան ուղղվեին այն հարցերը, որոնք արդեն իսկ իրական նախաքննության շրջանակներում նրան չէին ուղղված»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ